Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործում են բարեգործական ճաշարաններ, որոնց հարկի տակ յուրաքանչյուր օր, բացի կիրակի օրերից, ժամը 12-ից մինչ 14-ը սնվում են բազմաթիվ անապահով մարդիկ` հիմնականում տարեցներ: Վերջիններիս համար այդ ճաշարանները ոչ միայն սնվելու, այլեւ բախտակիցների ու տարեկիցների հետ փոխադարձ շփման վայր են դարձել: Այցելուներից շատերը հասցրել են մտերմանալ միմյանց հետ եւ հաղորդակից դառնալ մեկը մյուսի ցավերին:
Հերթական անգամ ճաշի էին եկել, եւ մինչ ճաշը կմատուցվեր, դրսում, չնայած ցուրտ եղանակին, տարեցները խումբ-խումբ հավաքվել էին եւ զրույցի բռնվել: Երբ մոտեցանք խմբերից մեկին, ուր կային 7-8 ծերունիներ` մոտ 70-ից 75 տարեկան, եւ փորձեցինք զրույցի բռնվել նրանց հետ, ոմանք լուռ հեռացան, իսկ մյուսներն էլ փորձում էին խույս տալ` ասելով. «Ի՞նչ խոսենք, ո՞վ է մեզ բանի տեղ դնողը: Ի՞նչ է, աղքատին հաշվի առնո՞ւմ են: Մի՞թե սա պետություն է, ով ինչ ուզում, այն էլ անում է: Մի կտոր հաց է, տալիս են, ուտում ենք, դրա համար էլ շնորհակալ ենք Աստծուն»: Հավաքվածներից մեկը` Սուրեն պապն էլ ավելացրեց. «Մի երկու կոպեկ փող են տալիս` իբրեւ թոշակ, բայց հարկերը չեն հաշվում` թոշակից շատ ա: Էդ թոշակն իսկի ցամաք հացի չի հերիքում, իրենք կարո՞ղ են էդ գումարով ապրել…»: Ընկերների ճնշման ներքո Սուրեն պապը լռեց: Փորձեցինք տեղեկանալ, թե ինչպես են ծերերը լուծում ջեռուցման խնդիրը, քանի որ այս տարի ձմեռը շուտ է եկել: «Ա՛յ բալա, ի՞նչ ջեռուցում, ի՞նչ բան»,-գրեթե միաբերան ասացին ծերունիները եւ ավելացրին, որ ցերեկները տանից դուրս են գալիս, իրար հանդիպում, խոսում, մոռանում են ցուրտն ու ամեն բան, իսկ երբ տուն են գնում, «պլիտեն միացնում, մի փոքր ձեռք ու ոտք են տաքացնում ու շուտ պառկում տեղաշոր»: Հավաքվածներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ ինքը 72 տարեկան է, եւ եթե խոսի իր մասին, վեպ կգրվի, բայց դրանից ոչինչ չի փոխվի: «Դուք` լրագրողներդ, որ քաջատեղյակ եք օրենքից, բայց մեկ է, ձեզ էլ են կարողանում դատի տալ, իսկ մենք… մենք ի՞նչ ասենք: Ասենք-խոսենք, որ գան, մեզ տանեն, փակե՞ն կամ էս մի կտոր հացի՞ց էլ զրկեն»,-վրդովված նետեց 72-ամյա ծերունին ու հեռացավ: Ընկերներն ասացին, որ 2 որդի է կորցրել պատերազմում:
Ահա այսպիսի կյանքով են ապրում ազատ, անկախ եւ առաջ ընթացող Հայաստանի բազմաթիվ ծերեր:
ԱԿԱՆՋ ԴՆՈՂ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ