«Հրապարակը» գրում է. «Գագիկ Ծառուկյանն այսօր վերադառնում է արաբական աշխարհից: Մեր տեղեկություններով, նա պետք է հանդիպի Սերժ Սարգսյանին: Իսկ մինչ նրա գալը` նախորդ օրը, ԲՀԿ գործարարները միահամուռ ջանքերով զանգահարել են Էդոյին` Ծառուկյանի թիկնապահին, ու ասել, որ ուզում են Ծառուկյանի հետ խոսել, հասկանալու` իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են, ի վերջո, ինչ են անելու իրենք:
Վերջիններիս ասվել է` հենց Ծառուկյանը եկավ Հայաստան, իրենց հետ կհանդիպի: ԲՀԿ գործարարները երեկ անհասանելի էին. նրանց հստակ հրահանգվել է չպատասխանել ոչ մի լրագրողի զանգի, հարցի, սպասել, մինչեւ Ծառուկյանը կգա-կասի, թե ինչ ասեն-անեն:
Գործարարները դիմել են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավորներին, նրանցից էլ հարցրել՝ ի՞նչ անենք: Իրենց ասվել է` դեռ ոչինչ. լրացուցիչ կասվի: Գործարարներից ոմանք անգամ մանդատը դնելու կողմնակից են եղել, որովհետեւ չեն կարողանում կողմնորոշվել այս մեծ խաղում եւ ուզում են այս ամենից հեռու մնալ, որ հանկարծ բիզնեսին վտանգ չգա: Նրանց ասվել է՝ կարիք չկա: Երեկ նրանք էլ էին իրար անցել վարչապետի անսպասելի հրաժարականի պատճառով։ Տեղեկացանք, որ այսօր, ժամը 15:00-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել, որը կվարի Ծառուկյանը»։