ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանն «անակնկալ» ունի․ դեռ փորձում է իր անձնական հարցերը լուծել` մանդատի շնորհիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր երեկոյան կհայտնի՝ մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված իր որոշման մասին։

Թե ինչ կա Աղազարյանի մտքին՝ անգամ իր մտերիմ թիմակիցները չգիտեն, քանի որ վերջինս գաղտնի է պահում իր որոշումը, չի կիսվում թիմակիցների հետ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հովիկ Աղազարյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ և քանի դեռ պատգամավորական մանդատ ունի, փորձում է իր և որդիների հետ կապված բոլոր մութ գործերը փակել, որպեսզի եթե անգամ ստիպված լինի մանդատը վայր դնել, հետո իր համար խնդիրներ չլինեն։

Ավելի վաղ, «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, թե ինչ վարույթով է անցնում Հովիկ Աղազարյանի որդին։

Այսպիսով, պատգամավորի որդին՝ Վահե Աղազարյանը, անցնում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ 2023-ին հարուցված քրեական վարույթով։ Քննչական կոմիտեն էլ արգելանք էր դրել պատգամավորի որդու ընկերությանը պատկանող մի քանի մեքենայի վրա։ Հիմա Աղազարյանը և որդիները փորձում են այս քրգործի հետ կապված հարցերը փակել, այսպես ասած՝ իրենց մաքրել, մինչև բանը կհասնի մանդատը վայր դնելուն։

Հիշեցնենք՝ ուրբաթ օրը իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մանդատները վայր դնելու խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։

Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայր չի դրել։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։

Կկատարի՞ Հովիկ Աղազարյանն արդյոք Փաշինյանի հորդորը, թե՞ կմերժի, պարզ կդառնա այսօր երեկոյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս