Վրաստանի ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ խորհրդարանի շենքի մոտ։ Ոստիկանությունը շրջափակել է խորհրդարան տանող փողոցները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան սկսվել է նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան՝ օրենսդիր մարմնի շենքի մոտ։ Ռուսթավելիի պողոտայում տեղադրվել են վրաններ, որտեղ ցուցարարներին թեյ, սուրճ և ուտելիք են բաժանում։ Իրավիճակը հանգիստ է: Խորհրդարանի մոտ մոբիլիզացվել է ոստիկանություն, բայց ոչ մեծ թվով, քանի որ ակցիայի մասնակիցներն ընդամենը մի քանի հարյուր են։
Ակցիան շարունակվել է ամբողջ գիշեր։ Ինչպես ավելի վաղ հայտարարել են ընդդիմության առաջնորդները, այն շարունակվել է նաև առավոտյան. դրա նպատակն է անհարմարություն ստեղծել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների համար, որոնք հավաքվելու են նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին։ Նիստը կսկսվի 12:00-ին: Նոյեմբերի 25-ին նախատեսվում է հաստատել խորհրդարանի խոսնակին ու փոխխոսնակներին, ինչպես նաև հանձնաժողովների ղեկավարներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ավելի ուշ Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում ամբողջությամբ փակել են խորհրդարանի շենքի ծառայողական մուտքեր տանող փողոցները։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով և օրենսդիր մարմնում ստացել է 150 մանդատից 89:
5%-ի շեմը հաղթահարել են «Հանուն փոփոխությունների կոալիցիա», «Միասնություն-Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունները: Խորհրդարան մտած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ընդունել ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված։ Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից անցկացնում են բողոքի ակցիաներ: