ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը քիչ առաջ դուրս է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակից և հայտնել, որ այսօր չի հայտարարի՝ իր պատգամավորական մանդատը վա՞յր է դնում, թե՞ ոչ։
socialmedia.am-ը կապ հաստատեց Հովիկ Աղազարյանի հետ՝ հասկանալու, թե որն է նման հետաձգման պատճառը, արդյո՞ք Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը ազդել է նրա որոշման վրա, թե՞ ոչ։
-Պարո՛ն Աղազարյան, պատճառը ո՞րն է, որ Ձեր որոշումը փոխել եք։
-Ո՞ր որոշումն եմ փոխել։
-Ասացիք, որ ժամը 18։00-ին հայտարարություն կտարածեք, բայց լրատվամիջոցներին ասել եք, որ փոշմանել եք։
-Ես տեղյակ չեմ։
-Հնարավո՞ր է, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո այլ եզրակացությանը եկաք։
-Չէ, չէ։
-Ալեն Սիմոնյանը որևէ կերպ Ձեր որոշման վրա չի՞ ազդել։ Ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ եք քննարկել։
-Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի նախագահն է և իր հետ ես տարբեր հարցեր կարող եմ քննարկել։
-Իսկ Ազգային ժողովի՝ Ձեր մանդատը վայր դնելու կամ Նիկոլ Փաշինյանի խնդրանքի մասին որևէ զրույց ունեցե՞լ եք։
-Ոչ։ Ես նման հարցերին պատասխան տալու տրամադրություն չունեմ, կներեք։
-Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո՞ Ձեր որոշումը փոխեցիք։
-Ես որոշում չեմ փոփոխել, ես ասել եմ, որ հայտարարություն կանեմ ու հիմա հայտարարություն եմ անում, որ հետաձգվում է իմ որոշումը։
-Ալեն Սիմոնյանը Ձեզ չհամոզե՞ց դնել մանդատը։
-Ի՞նչ համոզեր։
-Մանդատը վայր դնել։
-Մենք այդ թեմայով չենք խոսել Ալեն Սիմոնյանի հետ։
-Իսկ ի՞նչ եք խոսել։
-Խոսել ենք Ազգային ժողովի առաջիկա օրակարգերից։
-Միայն Ձեզ հե՞տ, պարո՛ն Աղազարյան։
-Այո, շատ է հարգում իմ կարծիքը։
-2 օր ինչի՞ համար էինք սպասում, պարո՛ն Աղազարյան։
-Ես ներողություն եմ խնդրել, որ սպասել եք բոլորդ։
-Ձեր հաջորդ որոշմանն ինչքա՞ն պետք է սպասենք։
-Դե մի սպասեք, ո՞վ է Ձեզ ստիպում։
-Հանրությունը Ձեզ ընտրել է, ժողովուրդը սպասում է։
-Ժողովուրդն ընտրել է, ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները։
-Այսինքն մանդատը վայր չե՞ք դնելու ամեն դեպքում։
-Ես այդ մասին որոշում դեռ չեմ կայացրել։
-Իսկ ե՞րբ որոշում կկայացնեք։
-Առաջիկայում։
– Պարոն Աղազարյան, ասում էիք Հիսուսին Փաշինյանի միջոցով ճանաչեցիք, սրբություն է ձեզ համար Փաշինյանը, նրա խնդրանքը մերժո՞ւմ եք։
Հարցը մնաց անպատասխան։