«Հրապարակ» թերթ-ը գրում է. «Ադրբեջանում ընթացող կլիմայական փոփոխությունների միջազգային համաժողովի` COP-29-ի երկու շաբաթների ընթացքում պաշտոնական Երեւանից ոչ մի դիրքորոշում չհնչեց՝ այդ համաժողովին չմասնակցելու պատճառների մասին: Դիվանագիտական շրջանակներում սա համարում են նոնսենս կամ «նոր մշակույթ», երբ երկիրը որեւէ կերպով պաշտոնապես չի արձագանքում եւ չի հայտնում դիրքորոշում՝ մեկ այլ երկրի կողմից իրեն հրապարակավ ուղարկված «հրավերին»:
Ընդ որում, Ադրբեջանն առիթը բաց չէր թողնում ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ կրկնելու «հրավերի» մասին՝ միջազգային գործընկերների մոտ փորձելով «աչոկներ» ստանալ, չնայած շատ լավ գիտեր, որ Հայաստանը, ինչպեսեւ ՄԱԿ անդամ մյուս բոլոր երկրներն ավտոմատ հրավիրված են միջոցառմանը:
Փոխարենը Հայաստանը լռեց՝ չօգտագործելով առիթը եւ տարակուսանքի մեջ թողնելով միջազգային գործընկերներին, որոնցից շատերը պատրաստ էին բարձրաձայնել ու կրկնել Հայաստանի նշած՝ հրավերի մերժման պատճառները: Բնականաբար, Հ1-ի ուրբաթօրյա հարցազրույցի ժամանակ եւս «մոռացան» այդ հարցը տալ վարչապետ Փաշինյանին: Ուստի, այստեղ դժվար է չհամաձայնել ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ, որը գրել էր, թե «Երեք օրից Բաքվում կավարտվի COP-29-ը՝ կլիմայական համաժողովը, իսկ ՀՀ-ն մինչ օրս այդպես էլ պաշտոնական հայտարարություն չի արել մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Գիտե՞ք, թե ինչու․ քանի որ, ըստ իս, չեն համարձակվում ասել, որ չեն գնալու, ու հստակ շարադրել քաղաքական տեքստ, թե ինչու են նման որոշում կայացրել»։
Ի դեպ, ուշագրավ էր նաեւ այն հանգամանքը, որ այս ընթացքում մի շարք երկրների խորհրդարաններ՝ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը, Ուրուգվայի, Բելգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի խորհրդարանականները բանաձեւեր ու հայտարարություններ ընդունեցին՝ Ադրբեջանից պահանջելով անօրինական կերպով բանտարկված բոլոր հայերի ազատ արձակումը, իսկ Հայաստանի խորհրդարանում նույնաբովանդակ նախագիծն իշխող ուժի պատգամավորները տապալեցին:
Մի կողմ թողնենք այն, թե ինչու ընդդիմությունը ներկայացրեց նախագիծ՝ հստակ իմանալով, որ գործող իշխանության պատգամավորները մերժելու են այն՝ դրանով եւս մեկ հաղթաթուղթ տալով Ադրբեջանին, որ հայ հասարակությունն ու իշխանությունը համակարծիք չեն անգամ գերիների հարցում: Մեր տպավորությամբ, չարժեր գնալ այդ քայլին եւ հերթական անգամ ցույց տալ մեր հասարակության պառակտվածությունն ու իշխանությունների գետնաքարշ վիճակը:
Բայց այստեղ ավելի ուշագրավ էին ՔՊ-ական երկու պատգամավորների՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայկ Կոնջորյանի փրփրաբերան հակադարձումներն ու «փաստարկները», որոնք կարելի է համարել ցինիկության, տգիտության, ստահակության ու մանիպուլյացիայի գլուխգործոց:
Ռուբեն Ռուբինյանը փորձում էր «լապշա կախել» շարքային մարդկանց ականջներից, թե իբր ԵԽԽՎ-ում ու խորհրդարանական այլ կառույցներում հենց իր ու մյուս ՔՊ-ականների ջանքերով է գերիների հարցն օրակարգային դառնում, եւ թե իբր հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն օրուգիշեր այդ հարցով են զբաղված:
Մինչդեռ մեր աղբյուրները նշում են, որ միջազգային դիվանագիտական ու խորհրդարանական հարթակներում հարցը բարձրացվում է բացառապես հայկական լոբբիի, համահայկական կառույցների, երբեմն՝ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ընկերների շնորհիվ, որոնք փորձում են առաջնահերթ դարձնել մարդասիրական խնդիրը: Ո՛չ ՔՊ-ական ուսապարկերի, ո՛չ էլ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համար հայ գերիների ազատման հարցն առաջնահերթ չէ, եւ դա այնքան ակնհայտ է, որ դրանով հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար նկատելի է: Իսկ ժամանակ առ ժամանակ փիառի համար պաշտոնական հաղորդագրություններում մեկական տողով հայտնվող տեքստերն ավելի են ամրապնդում այդ տպավորությունը:
Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, հիմնականում հայ իշխանավորները գերիներին հիշում են այն ժամանակ, երբ դրսի գործընկերներն են նրանց այդ մասին հարցնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: