ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամյան իր էջում գրել է․
«Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով:
Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը եւ արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը, կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության պահին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, Հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալն իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել, արդյունավետորեն իրացրել են այդ հնարավորությունը, կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության, Իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության ու անկախության արժեհամակարգերի վրա հիմնված կառավարող թիմի մասն են դարձել:
Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձեւեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»։