ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» ֆիլմի առնչությամբ ներկայացրած դիմումը և սահմանված կարգով ընթացք տվել դրան: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Դատախազությունից:
Երեկ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ մասնագիտական վերլուծություն են իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել էին Դատախազություն:
Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսերը Գոռ Վարդանյանն է, ով մշտապես հանդես է եկել կրիմինալ ենթամշակույթ ներկայացնող ֆիլմերում: Այս ֆիլմը գլխավոր հերոսի՝ Դավիթի մասին է, ով պատերազմում զոհված հոր մահից հետո Շահումյանի շրջանից մոր հետ տեղափոխվում է Երևան՝ ապրելու։ Մեծ դժվարությունների միջով անցած երիտասարդը ձեռք է բերում իրեն հավատարիմ ընկերներ։ Կյանքի բերումով Դավիթը վայելում է քրեական աշխարհի հեղինակությունը։ Դավիթի ընկերները տարբեր մարդիկ են, նույնիսկ տարբեր ազգերից են՝ մեկը՝ ռուս, մյուսը՝ թաթար, բայց բոլորը, պատրաստակամ մեկը մյուսին օգնելով, պատրաստ են արմատախիլ անել բոլոր տեսակի հանցագործությունները։ Կրիմինալ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Դավիթին դեռ շատ փորձություններ են սպասվում։ Նա ամեն գնով պատրաստ է պայքարել հանցագործների դեմ, որոնց վրեժը լուծելու հենց ինքը Դավիթը՝ կյանքում հաստատելու արդարությունն ու ազնվությունը։
Այս ֆիլմը մեծ քննադատությունների առիթ է դարձել: ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Գոռ Վարդանյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն այդպես էլ չհաջողվեց:
Էմմա Մարտիրոսյան