Գնահատում ենք Հայաստանի ներուժը, ինչպես նաև անցած ուղին, պատմությունը, հարուստ մշակույթը: Մենք շատ ենք գնահատում Հայաստանի մերձեցումը եվրոպական քաղաքականությանը և քաղաքակրթությանը, և մեզ համար շատ մեծ արժեք է Հայաստանի հետ քաղաքական կապերն էլ ավելի ակտիվացնելն ու մեր համագործակցությունները տարբեր ոլորտներում, ինչպիսին է տնտեսականը, զարգացնելը: Այդ մասին մենք խոսել ենք այսօր պարոն նախագահի հետ: Կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը մեր՝ նախագահներիս միջև, որ սկսվել է 2 տարի առաջ, հենց սկզբից մեծ զարգացման ներուժ ուներ: Կցանկանայի, որպեսզի Լեհաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունն ընդլայնվի նաև այլ ոլորտներում: Այդ մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
«Այսօր խոսեցինք համագործակցության վերաբերյալ նոր տեխնոլոգիաների մասին, խոսեցինք նաև կլիմայական պաշտպանության, կանաչ էներգետիկայի վերաբերյալ, քննարկեցինք կարևորագույն տնտեսական ոլորտները, որտեղ տեսնում ենք զարգացման ներուժ և երկուստեք համագործակցություն:
Խոսել ենք ամենակարևոր քաղաքական թեմաներից, որոնք կապված են անվտանգության հետ:
Ոչ ստաբիլ իրավիճակի մասին խոսեցինք: Հիմա կարող եմ հիշատակել լեհական տեսանկյունից մեր տարածաշրջանում առկա անկայունությունը (նկատի ունեմ ագրեսիվ գործողությունները, որոնք Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայի նկատմամբ). մեր տարածաշրջանում էլ կա ինչպես անկայունություն, այնպես էլ Լեհաստան ժամանող փախստականներ՝ ոչ միայն Լեհաստան, այլև եվրոպական այլ երկրներ: Այդ պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն անմիջականորեն Կովկասի վրա. Ռուսաստանն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել այս տարածաշրջանի վրա: Մենք դա տեսնում ենք, բայց ցանկանում ենք, որ բոլոր կոնֆլիկտները խաղաղությամբ ավարտվեն»,- նշեց Լեհաստանի նախագահը