Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 27-ի ժամը 2։00-ին (Երևանի ժամանակով 6։00-ին)։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել է, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Լիբանանի հարավից վերջին ամիսներին տեղահանված մարդիկ մեքենաներով սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր։

Ըստ հրադադարի համաձայնագրի՝ պետք է վերջ դրվի հակամարտությանը, որն Իսրայելի և Լիբանանի սահմանին սկսվել էր 2023 թ. հոկտեմբերից՝ Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողություններին զուգահեռ։

Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից հրադադարի հաստատումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձ էր հղել Սպիտակ տնից։

«Սա պետք է լինի հակամարտության մշտական դադարեցում։ Այն, ինչ մնացել է «Հեզբոլլահ»-ից և ահաբեկչական այլ կազմակերպություններից, այլևս չի սպառնա Իսրայելի անվտանգությանը», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը հայտնել է, որ Իսրայելն աստիճանաբար դուրս կբերի իր ուժերը 60 օրվա ընթացքում, իսկ Լիբանանի բանակն իր վերահսկողության տակ կառնի Իսրայելի հետ սահմանին գտնվող տարածքները՝ ապահովելու, որ «Հեզբոլլահ»-ը չվերակառուցի իր ենթակառուցվածքը։ Իսրայելի զորքերի հեռանալուց հետո Լիբանանի հարավում կտեղակայվի առնվազն 5000 զինվոր։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն X սոցիալական հարթակում գրել է, որ հրադադարն Իսրայելի և Լիբանանի իշխանությունների հետ ձեռնարկված մի քանի ամսվա ջանքերի արդյունքն էր՝ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Իսկ Նեթանյահուն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի կողմից հրադադարի պայմանների խախտման դեպքում Իսրայելը կրկին ուժով կպատասխանի։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԱԿ-ի խաղաղապահների հետ կմիանան մի մեխանիզմի, որը կաշխատի Լիբանանի բանակի հետ՝ թույլ չտալու հրադադարի հնարավոր խախտումները։ ԱՄՆ մարտական ուժերը Լիբանանում չեն տեղակայվի։

Հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ Իսրայելի բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Բեյրութին և Լիբանանի այլ հատվածներին։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 18 զոհի մասին։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ֆինանսական օբյեկտների։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին շարունակել է հրթիռներ արձակել Իսրայելի վրա։ 115 բնակավայրերում տագնապի ազդանշաններ են հնչել։

 




Լրահոս