Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը՝ Գյումրին, նոր կռվախնձոր է դարձել քաղաքական դաշտում։
Համայնքապետի ընտրությունների օրը դեռ անորոշ է, փոխարենը շատ են թեկնածուները, ովքեր հավակնում են դառնալ Գյումրու քաղաքապետ։
Քաղաքապետի պաշտոնը կռիվ է գցել հատկապես ՔՊ-ի դուռը։
Այսպիսով, թեև իշխանությունը դեռ նոյեմբերի 14-ին հայտարարել էր, որ Գյումրիում իրենց քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է լինելու, բայց նրա թմրանյութի թեստի աղմկահարույց բացահայտումներից հետո, փաստորեն, Փաշինյանը փոշմանել է ու մերժել է Սարուխանյանին՝ հերթական սկանդալը հանդարտեցնելու համար։
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ համայնքապետի ընտրությունները ՔՊ-ն դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ կկազմակերպի քաղաքապետի ժ/պ ընտրելու համար, ընտրությունների արդյունքում ընտրված թեկնածուն էլ արդեն կլինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն։
Այսպիսով, Գյումրիի համայնքապետի ընտրություններում, այսպես ասած, իշխանական թևը ներկայումս ունի հետևյալ տեսքը՝
– Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյան․ հանդիսանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմը,
-ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյան․ թմրանյութի իր թեստի հետ կապված բացահայտումներից հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել,
-Իշխանական մյուս թեկնածուն վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամ Վահագն Մկրտչյանն է․ նախկինում Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել։
Իշխանական թևում քաղաքապետի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել, ինչի մասին թմրանյութի իր թեստի արդյունքների վերաբերյալ գրառման մեջ խոստովանել է հենց կարեն Սարուխանյանը։
«Ներթիմային քննարկումների արդյունքում չեղավ կոնսենսուս, թե ով է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագա քաղաքապետի թեկնածուն։
Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց Գյումրիում ձևավորել ՔՊԿ տարածքային կազմակերպություն և ըստ մեր մոտեցման` տարածքային կազմակերպության նախագահը դիտարկվելու է որպես տեղի թիմի լիդեր և առաջնորդելու է մեր նախընտրական ցուցակը։
Անձինք, ովքեր պատերի տակ մշտապես խոսում էին իբր իրենք են ՔՊ թեկնածուն՝ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, շարունակեցին իմ դեմ արշավը՝ փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իմ անունը և ստեղծեն իրավիճակ, երբ փոփոխման ենթակա կլինի թեկնածուն։ Այդ ամենը արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթև ձեռքով գրված հատուկ հոդվածներով, ֆեյք էջերով քոմենտ գրողների ձեռամբ, իբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է»,- գրել է Սարուխանյանը։
Գյումրու ընտրությունները կարծես լույս սփռեց ներիշխանական վեճերի վրա և կոտրեց ՔՊ-ի ձևավորած այն կարծրատիպը, թե իրենք կուռ և ամուր մի թիմ են։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է պատրաստվում նաև առաջադրել
-Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը շատ ձայներ ունի,
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, ով քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալում,
-Գյումրու ավագանու անկախ անդամ, «Զարթոնք» խմբակցության նախկին ղեկավար Վարդեւան Հակոբյանը,
-Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը,
-«Գործարար» կուսակցությունից՝ Գեղամ Բաղդասարյանը,
-«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան