ArmLur.am-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
-Պարո՛ն Սարուխանյան, երեկ Նիկոլ Փաշինյանն ըստ էության հայտարարեց, որ Ձեր թեկնածությունը մերժում են, պետք է ՔՊ-ն նոր ընտրություններ անի, թեկնածուներ առաջադրվեն և ԺՊ ընտրվի, որն էլ Գյումրու արդեն համայնքապետի ընտրություններում կլինի ՔՊ-ի թեկնածուն։
Ընդամենը երեկ վստահեցնում էիք՝ որ թե՛ համայնքապետի ԺՊ-ի, թե՛ ընտրություններում համայնքապետի թեկնածուն Դուք եք, ի՞նչ կատարվեց։
-Այն ժամանակ, երբ քննարկվում էր Գյումրու ընտրությունների հարցը, դեռ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարց չէր քննարկվում, օրենքի փոփոխություն պետք է արվի։ Տրամաբանությունն այն էր, որ պետք է գնանք արտահերթ ընտրությունների՝ առանց ԺՊ-ի, բայց երբ խնդիր առաջացավ, որ ընտրություններ անցկացնելու դեպքում խոչընդոտներ ենք ունենալու, այդ ժամանակ որոշվեց՝ համայնքապետի ԺՊ կնշանակվի։
Վարչապետը երեկ ԺՊ առաջադրվելու համար կոչով դիմեց գյումրեցիներին, սա նորմալ, ժողովրդավարական մոտեցում է։
-Խնդիրն այստեղ այն է, որ թմրանյութի Ձեր թեստի հետ կապված սկանդալից հետո այս որոշումը կայացվեց, ստացվում է՝ Ձեր թիմը Ձեզ մերժեց, որպեսզի ընտրություններից առաջ նոր աղմուկից խուսափի։
-Սկանդալ ես չեմ կարող դա անվանել։ Թեստի հետ կապված աղմուկը մեկնաբանել եմ, այն մարդիկ, ովքեր դրա արդյունքներում խնդիր կտեսնեն, ես կարող եմ մի նմուշ էլ իրենց տալ՝ տանեն ու ստուգումներ անեն։
-Պարո՛ն Սարուխանյան, հիմա ինքնաառաջադրման նոր ժամկետ է սահմանվել համայնքապետի ԺՊ-ի համար, Դուք կրկին փորձելո՞ւ եք, կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը։
-Ես հայտարարել եմ, որ քանի դեռ չեմ տիրապետում, թե «փրայմըրիզն» ի՞նչ սկզբունքներով է արվելու, քանի չեմ խորհրդակցել Գյումրու տարածքային կազմակերպության մեր կուսակցականների հետ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, ակնկալում եմ գյումրեցիներից, որ իրենց տեսակետը ևս հայտնեն։
-Երեկ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նաև մի ուշագրավ հայտարարություն արեց, որ հնարավոր է լինեն ինքնաառաջադրումներ ԺՊ-ի պաշտոնի համար, որոնք մերժվեն, սա, կարծես, Ձե՞զ էր նաև ուղղված։
-Չի՛ կարող դա ինձ ուղղված լինել։ Եթե ես առաջադրվեմ կամ ինքնաառաջադրվեմ, ապա դա մերժելու հիմք չկա։
-Դե հիմքը արդեն նշեցի՝ թմրանյութի թեստի հետ կապված բացահայտումն էր։
-Ամեն մարդու մասին կարող են սուտ տեղեկություններ տալ, կան հիմքեր, որոնք ես հրապարակել եմ, մարդիկ ինձ ճանաչում են, գիտեն՝ ինչ է իրականությունը։
-Պարո՛ն Սարուխանյան, թեստի արդյունքների վերաբերյալ Ձեր գրառման մեջ Դուք ակնարկել էիք, որ հենց Ձեր թիմից էլ եղել են մարդիկ, ովքեր արշավ են տարել Ձեր դեմ, պատվերներ են կատարել։
-Ես չեմ ակնկարկել, որ հենց իմ թիմակիցներն են, ես ասել եմ՝ «քաղաքապետացուներ», իսկ նրանք կարող են լինել ոչ կուսակցականներ։
Գյումրիում մենք ունենք անհատներ, որոնք թիմի որոշ անդամների հետ ունեն լավ հարաբերություններ և նույնպես ցանկացել են այդ գործընթացին մասնակցել՝ ինձ սևացնելու, հիմա այդ հնարավորությունն ունեն, կարող են առաջադրվել կամ ինքնաառաջադրվել և մասնակցել։ Ըստ այդմ չափելի կլինի՝ Գյումրիում ով, ինչ հեղինակություն ունի։
-Այդ դեպքում ո՞ւմ եք նկատի ունեցել, ինչո՞ւ անուններ չեք հնչեցնում։
-Ես նկատի եմ ունեցել բոլոր այն անձանց, որոնք վարչապետի առաջարկությունից հետո փորձել են մտնել գործընթացի մեջ։ Ինչո՞ւ անուններ հնչեցնեմ, եթե գյումրեցիները շատ լավ գիտեն։
Քրիստինա Մուշեղյան