Ավանի դատարանում այսօր կայացավ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի գործով առաջին դատական նիստը։
Դատարանում ոստիկանության կողմից ուժեղացված հսկողություն էր ու դեռ ավելին՝ դատարան էին եկել մի խումբ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի։ Դատական նիստի դահլիճը լեփ լեցուն էր, եւ կարգադրիչները թույլ չտվեցին մյուս քաղաքացիներին մտնել՝ պատճառաբանելով, որ նիստերի դահլիճում նստատեղ չկա։
Դատական նիստի մեկնարկից առաջ ArmLur.am-ը արձանագրեց, թե ինչպես Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին» բերեցին Երեւան քաղաքի ընդհանոր իրավասության դատարանի Ավանի նստավայր ու ինչպես էին մի խումբ երիտասարդներ եկել դատարան՝ ի պաշտպանություն նրա։
Դատական նիստից առաջ դատավոր Մասիս Մելքոնյանը մեղադրյալներին հարց ուղղեց նիստը տեսանկարահանելու համար, սակայն մեղադրյալ Ռուստամ Ստեփանյանը եւ նրա վարորդը հրաժարվեցին դատական նիստը տեսանկարահանել։ Հնչեղություն ստացած այս միջադեպի գործով դատական նիստը մեկնարկեց եւ ArmLur.am-ի նկարահանող խումբը, հաշվի առնելով մեղադրյալների իրավունքը, նիստը չտեսանկարահանեց։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։
ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ ու արդյունքում դեպքից երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի նրա վարորդին ,իսկ բուն սպանություն կատարողներին դեռ փնտրվում են:
Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Վերջինս այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան