Բիզնես դաշտը մաքրվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստում կայացվել է  բնապահպանական հարցերով՝ միանգամից մի քանի կարևորագույն որոշումն: Նախ` ՀՀ կառավարությունը,  փոփոխելով իր նախկին որոշումը, խստացրել է Արարատյան ավազանի ջրային պաշարների օգտագործման հսկողությունը: Բացի այդ` հաստատվել է «Ապօրինի  շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքների համար ջրօգտագործման  թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Այդ որոշմամբ  նաև արգելվել է  Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:

Բացի այդ` այսուհետ ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է լինելու ձկնաբուծական  տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, ինչի համար անհրաժեշտ է անցում կատարել ջրամատակարարման «փակ» կամ «կիսափակ»  համակարգերի, ինչպես նաև ներդնել ավտոմատ կառավարման ժամանակակից սարքավորումներ:

Առաջին հայացքից` կառավարությունը շատ լավ որոշումներ է ընդունել, որոնք պետք է ընդունված և կիրառված լինեին դեռ տարիներ առաջ:

Նկատենք, սակայն, որ այս որոշումներով Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական բիզնեսով զբաղվող մանր և միջին տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ են ծագելու, քանի որ  վերը նշված սարքավորումների և շրջանառության «փակ» ու «կիսափակ» համակարգերի կիրառման համար բավականին մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ինչի հնարավորությունը, բնականաբար, քչերն ունեն: Ասել է թե` ընդերքային ջրային ռեսուրսների խնայողության պատճառաբանությամբ զգալիորեն կրճատվելու է առկա ձկնաբուծական բիզնեսի շրջանառությունը:

Իսկ թե ինչու ՀՀ կառավարությունը այդպիսի սրտացավություն դրսևորեց հենց  հիմա, պարզ է դառնում երեկվա նիստում ընդունված մյուս  որոշումից, որը դարձյալ վերաբերում է ձկնաբուծությանը: Սակայն այս դեպքում` Սևանա լճում ցանցավանդակային ձկնային տնտեսությունների համալիր ծրագրին: Այս նոր ծրագրով նախատեսվում է  առաջիկա 10 տարվա ընթացքում արտադրել 50 հազար տոննա ձուկ, որը, ըստ կառավարության հաշվարկների, կարժենա 175 միլիարդ դրամ: Ասել է թե` այդպիսով կառավարությունը Հայաստանի ձկնաբուծության բիզնես դաշտը «մաքրում» է, որպեսզի այս նոր` ցանցավանդակային բիզնեսի տերերը խնդիրներ չունենան իրենց արտադրանքի իրացման հետ:

Նշենք, որ այս ծրագիրն իրականացնելու են մասնավոր ընկերություններ, որոնք այնքան «բարի» են գտնվելու, որ իրենց հասույթից միջոցներ են տրամադրելու նաև լճի ավազանի խնդիրների լուծմանը: Այսինքն` սկզբում Սևանը մի լավ աղտոտելու են, հետո «բարեգործաբար»  միջոցներ տրամադրելու լճի մաքրման համար:




Լրահոս