ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցունքաբեր գազ, ջրցան մեքենա` ցույցը ցրելու համար. Վրաստանում իրավիճակը գերլարված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի ընտրությունների արդյունքների ճանաչումից հետո իրավիճակն ավելի է լարվել։

Այս բանաձևը կոչ է անում նաև մեկ տարվա ընթացքում նոր ընտրություններ անցկացնել։ Այս հայտարարությանը հաջորդեց Վրաստանի վարչապտ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը․

«Վրաստանը մինչև 2028 թ․ հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից։ Հրաժարվում ենք նաև ԵՄ բյուջեից և ցանկացած դրամաշնորհից»։

Իրավիճակը դարձավ գերլարված, երբ Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվում էին մարդիկ։ Նրանք սպասում էին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արտակարգ հայտարարությանը։

Հանրահավաքի մեկնարկին Վրաստանի նախագահն, անդրադառնալով Վրաստանի վարչապետի խոսքերին, ասաց․

«Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին, նրա անցյալին ու ապագային։ Այս ճանապարհին չկա Վրաստանի պետական ​​ինքնիշխանությունը, անկախությունը և այլ ապագա, բացի Ռուսաստանից»։

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների թիվն աստիճանաբար մինչ ուշ գիշեր ավելանում էր։

Զուրաբիշվիլին մոտեցել է Ազատության հրապարակ տանող ճանապարհը փակած ուժայիններին և հարցրել՝ «Ո՞ւմ եք ծառայում»:

Հանրահավաքի մասնակիցներին վախեցնելու համար Վրաստանի հրապարակ բերվեցին ջրցան մեքենաներ։ Ապա գիշերը Թբիլիսիում սկսեցին բախումներ ոստիկանության ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև։ Ակցիան ցրելու ոստիկանության գործողությունների արդյունքում բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել և վնասվածքներ ստացել։

Բախումների ընթացքում Ռուսթավելի պողոտան մարտադաշտի էր վերածվել։ Օգտագործվել է արցունքաբեր գազ, գործի են դրվել ջրցան մեքենաները և սկսվել է մասսայական ձերբակալություններ։

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար։

Արդյունքում Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են ընդդիմության ցույցը՝ հատուկ ճնշումներ կիրառելով։

Հիշեցնենք, որ իրավիճակը Վրաստանում լարվեց խորհրդարանական ընտրություններից հետո։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ շուրջ 54 տոկոս արդյունքով հաղթանակի մասին։ Ընդդիմությունը չի համաձայնել քվեարկության արդյունքների հետ, և հինգ տոկոսանոց շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցություն հայտարարել է նոր խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հրաժարվել է ճանաչել պաշտոնական արդյունքները՝ Ռուսաստանին մեղադրելով ընտրություններին միջամտելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս