Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման առանձին առաջնորդներ դիտարկում են Իսրայելի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարք կնքելու հնարավորությունը` որոշ զիջումներ անելով Իսրայելին։ Այդ մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Նախքան Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի համաձայնագիրը ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ հրադադարի բանակցություններում պահանջում էր, որ Իսրայելը դուրս բերի իր ուժերը Գազայի հատվածից, սակայն պաղեստինյան շարժումը, կարծես, պատրաստ է հրաժարվել այս պահանջից։
Հրատարակության երկու զրուցակիցների խոսքով` ՀԱՄԱՍ-ի մի քանի առաջնորդների կողմից քննարկված առաջարկներից մեկն Իսրայելին թույլ կտա գոնե ժամանակավորապես ներկայությունը պահպանել Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանային շրջանում՝ Ֆիլադելֆիական միջանցքում։ Դրա հետ մեկտեղ ՀԱՄԱՍ-ի պաշտոնատար անձինք հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Ֆիլադելֆիական միջանցքի նկատմամբ իսրայելական ցանկացած երկարաժամկետ վերահսկողությանը:
Ամերիկացի մի քանի պաշտոնյա թերթին ասել են, որ ՀԱՄԱՍ-ը կարող է հրաժարվել իր պահանջներից և անցնել հրադադարի համաձայնագրին, որն ընդունելի է Իսրայելի կառավարության համար:
Սակայն The New York Times-ի որոշ զրուցակիցների կարծիքով՝ Իսրայելը, կարծես թե, շահագրգռված չէ զիջումներով։ Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ երևույթին, սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնն ստանձնելուն, նախքան ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը փոխելը:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Թրամփը դժվար թե զգալի ճնշում գործադրի Նեթանյահուի կամ իսրայելցի զինվորականների վրա՝ սպառնալով դադարեցնել ռազմական օգնությունը։
ԱՄՆ-ի պաշտոնյաները նաև կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը ձգտում է իշխանության մնալ հրադադարի շուրջ համաձայնագրի կնքումից հետո: