Սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակում են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք ավելի քան 20 բնակավայր են գրավել Հալեպ քաղաքից դեպի հյուսիս և արևմուտք։ Հակահարձակում է սկսվել նաև Իդլիբում։ Այդ մասին հայտնում է Al Mayadeen-ը։
Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ կառավարական ուժերն իրականացված գործողության ընթացքում ազատագրել են Էլ Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ են տեղափոխվել օգնական ուժեր Սիրիայի այլ շրջաններից։ Փակվել է երթևեկությունը Դամասկոսն ու Հալեպը կապող M-5 միջազգային մայրուղով՝ զինված հարձակումների սպառնալիքի պատճառով։
«Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակից արմատական խմբավորումների զինյալները նոյեմբերի 27-ի դավադիր հարձակման ընթացքում վտանգավոր հեռավորությանբ մոտեցել են Հալեպին և գրավել մի քանի նպաստավոր դիրքեր քաղաքից 7-10 կմ հեռավորության վրա։
Հալեպի մերձակայքում ռազմաճակատի մի քանի հատվածներում կառավարական ուժերին հաջողվել է զսպել հակառակորդի առաջխաղացումը, նա կորուստներ է կրել, ոչնչացվել է մի քանի հարյուր զինյալ:
Al Mayadeen-ը նաև հաղորդում է, որ սիրիական բանակը հետ է մղում զինյալների հարձակումն Իդլիբում։ Ըստ հրապարակման՝ բանակը կանգնեցրել է «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակիցների առաջխաղացումը Իդլիբի հարավ-արևելյան ճակատում և հակահարձակում է սկսել՝ փորձելով հետ գրավել զինյալների գրաված դիրքերը։