Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկա որոշումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Socialmedia.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Պարո՛ն Աղազարյան, երեկ ՔՊ նախաձեռնող խմբի նիստն էր, բայց կարծես, Դուք ներկա չէիք, ամեն դեպքում՝ տեսանյութում և լուսանկարներում չկայիք։ Մասնակցե՞լ եք նիստին, եթե՝ ոչ, ո՞րն է պատճառը։

-Ես երեկ էլ եմ ներկա եղել՝ սկզբից մինչև վերջ։

-Իսկ ելույթ ունեցե՞լ եք, կամ որևէ հարց քննարկել ե՞ք։

-Տեղս երևում է հա՞ փաստորեն։ Նիստին ներկա եղել եմ, բայց հարցեր չեմ տվել։

-Դուք մշտապես նիստերին ակտիվ եք եղել, հիմա ինչո՞ւ եք կաշկանդվել։

-Հավատացնում եմ, որ էլի են եղել դեպքեր, որ հարցեր չեմ տվել, սա եզակի դեպք չէր, ուղղակի հարցեր չունեի։ Ոչ թե կաշկանդվածությունն է պատճառը, այլ պարզապես հարցեր չունեի։

-Պարո՛ն Աղազարյան, Դուք ասում էիք՝ սպասում եք Ձեր ընկերը Մոսկվայից գա, որ նրա հետ քննարկեք ու նոր Ձեր մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված որոշումը հայտնեք։ Եկա՞վ Ձեր ընկերը։

-Չէ, դեռ չի եկել։

-Իսկ չի՞ ասել՝ երբ կգա։

-Չէ, ասել է, որ հանկարծակի է գալու։

-Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորնեը շարունակո՞ւմ են Ձեզ հետ հանդիպումներ ունենալ, քննարկել Ձեր մանդատի հարցը։

-Չէ, հարցը չենք քննարկում։ Գործընկերներ ենք, հանդիպում, զրուցում ենք, բայց մանդատի հարցը քննարկելու բան չկա, ես դա միայն Ալեն Սիմոնյանի հետ եմ քննարկել։

-Նկատի ունենք՝ չե՞ն հետաքրքրվում ձեր թիմակիցները՝ երբ է Ձեր ընկերը գալու, երբ եք Ձեր որոշման մասին հայտնելու։

-Հետաքրքիր կլիներ նայել Ձեր աչքերին, երբ հարցը տալիս եք։

-Ինչո՞ւ։

-Հետաքրքրիր կլիներ ուղղակի նայել՝ ի՞նչ չարաճճիություն կա Ձեր աչքերի խորքում։

-Պարո՛ն Աղազարյան, մենք գիտենք, որ Ձեր թիմակիցները հաճախ են Ձեզ հանդիմանում, որ չպետք է դեմ դուրս գայիք Նիկոլ Փաշինյանին, պետք է Նարեկ Զեյնալյանի նման մանդատը վայր դնեիք և հեռանայիք։ Նման քննարկում եղե՞լ է։

-Ոչ, խմբակցության մակարդակով նման քննարկում չի եղել։

-Գուցե Դուք ներկա չեք եղել, Ձեր ներկայությամբ չե՞ն քննարկել մանդատի հարցը։

-Ոչ։

-Այսինքն, Դուք բնականոն շարունակում եք Ձեր գործունեությունն ԱԺ-ում։

-Այո։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե մանդատը վայր դնելու կամ չդնելու որոշում կայացնելու համար սպասում է Մոսկվայից ընկերոջ վերադարձին։

«Ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից, իմ մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձնից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն»,- ասել է Աղազարյանը։




Լրահոս