Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի արած հայտարարությունը։
«Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում մենք կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմին», – նշել է Միխայիլ Գալուզինը։
«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։
2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել հարթակի 3-րդ հանդիպումը, որի արդյունքներով մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն։ Այս հանդիպմանը ևս Վրաստանը չի մասնակցել։