ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ քարից ապօրինի շինություն կառուցելու համար մարդուն կարող են դատապարտել: Ինչպե՞ս է դա տեղի ունենում, ո՞ր օրենքով, ու քանի՞ տարվա պատժի մասին է խոսքը:

Նվեր Սուքիասյան, 50 տարեկան, վարորդ


ՊԱՏԱՍԽԱՆ. Այդպիսի օրենք չկա, որ քարից ապօրինի շինություն կառուցելու համար մարդուն դատապարտեն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու մասին նշվում է`
1. սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը եւ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների մասին
ՀՀ օրենսգրքի 154 հոդված

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ նման շինություններ կառուցողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, բայց տուգանքի չափերն այնքան մեծ են, որ դժվար է վստահորեն ասել, թե նման քայլի գնացած քաղաքացին կկարողանա երբեւէ վճարել այդ գումարները: Ի վերջո, նման շինություններ ստիպված են լինում կառուցել նրանք, ովքեր փայտե կամ մետաղյա տնակներում են ապրում:




Լրահոս