Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։  Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում։

Հրապարակման մեջ նաև նշվում է. «Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ փոքրամասնությունների, ադրբեջանաբնակ շրջաններում ընտրություններին մշտապես ներգրավված է լինում կա՛մ Ադրբեջանի կառավարական շրջանակը, կա՛մ Վրաստանում ամենախոշոր ներդրող Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Վրաստանում անցկացված ընտրական բոլոր գործընթացներում և քարոզարշավների ժամանակահատվածում ադրբեջանական կողմի անուղղակի ներգրավվածությունը կարևոր է եղել իշխող կուսակցության համար։ Ընդդիմությունն, իր հերթին, փորձել է այդ ընտրազանգվածին մոբիլիզացնել իր շուրջը։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» («ՄԱՇ») կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։ Նա կոչ էր արել չվախենալ ոչ մի բանից և քվեարկել 5-րդ համարի օգտին։ «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ձեր ձայնը որևէ կարևորություն չունի, կամ կառավարությունն իմանալու է, թե ում եք ձայն տվել»,- ասել էր Սաակաշվիլին։

Քվեաթերթիկների լցոնման միջադեպի վերաբերյալ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե «ամոթալի է ազգային փոքրամասնությանն օգտագործել ընտրությունները կեղծելու համար»։ Հատկանշական էր, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում Ադրբեջանի միջնորդությամբ տեղի ազգային փոքրամասնությունը սատարել էր հենց Զուրաբիշվիլիին։

Վրաստանում վերջին շրջանում անցկացված գրեթե բոլոր ընտրական գործընթացների ժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ադրբեջանը, մասնավորապես՝ SOCAR ընկերության միջնորդությամբ, ներգրավված է լինում ինչպես իշխանամետ ներկայացուցիչների առաջադրման, այնպես էլ՝ քարոզարշավի ժամանակ իշխանական թեկնածուների սատարման գործընթացին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները 2024 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն լուսաբանում էին իշխող կուսակցության շարքերում ընդգրկված ադրբեջանցի պատգամավորներին՝ չանդրադառնալով ընդդիմության թեկնածուներին։ «Վրացական երազանք»-ի ադրբեջանցի պատգամավորների նախընտրական քարոզարշավները տեղում լուսաբանում էր ադրբեջանական Azertac լրատվական գործակալությունը։ Հաղորդումներից մեկի ժամանակ բացահայտ կոչ էր եղել քվեարկել «Վրացական երազանք»-ի օգտին։ Վրաստանում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բարձրաձայնել էին այս թեման՝ մեղադրելով Ադրբեջանին Վրաստանի ընտրություններին միջամտելու համար։

Այսպիսի միջադեպերը նորություն չեն Վրաստանում։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմը լրատվամիջոցների, SOCAR-ի կամ ազդեցիկ այլ գործիչների միջոցով էթնիկ ադրբեջանցիներին մշտապես ուղղորդել է սատարել իշխող ուժին։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ




Լրահոս