«Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված։ Կադրային այդ փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է, թե ինչպիսի սկանդալային հայտարարություններ է արել հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
- Այո, SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ կիրակի ուշ երեկոյան:
- «Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք»,- այս մասին Հանրայինի եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը։
Փաշինյանը հաստատեց, որ Կարեն Անդրեասյանը եւս իր խնդրանքով է հրաժարական ներկայացրել:
Իսկ Կարեն Անդրեասյանը գրել էր. «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլեւս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե՛ նախագահությունից եւ թե՛ անդամությունից: Առերեւույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել»։
Հարկ է նշել, որ, ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին SMS հաղորդագրություն չէր ուղարկել։
- «Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում»։
- «Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույնկերպ եւ նույն պատճառաբանությամբ դիմել եմ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։ Հույս ունեմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։
Հավելենք, որ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր է դրել անմիջապես, իսկ Հովիկ Աղազարյանն իր որոշումը դեռ պետք է հայտնի։
- «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ եւ գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է»։
- «Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք եւ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերեն ԱԺ։
Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգան ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 000 ստորագրության։ Այս հարցը պետք է լուծել համաժողովրդական ձեւով»։
- «Հայաստանը փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը»:
8.«Մենք, որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է, ոնց որ մեզ է գրգռում Արեւմտյան Ադրբեջան տերմինը»։
Հենց այս պատճառով Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Մեկն ասում է՝ ես մշեցի եմ, մյուսը՝ ես վանեցի եմ: Բա դիլիջանցին ո՞վ ա. այդպես մենք կորցնում ենք պետությունը»։
Հայտարարությունից հետո հաջորդած ակնարկը, որը եղավ ասուլիսի ընթացքում, ապացույցն է այն բանի, որ Հայաստանի իշխանություններն անում են ամեն բան, որ հաճոյանան Ադրբեջանին՝ Արեւմտյան Հայաստանի մասին չխոսելով։
- Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի սափրվելու պատճառը. «Երբ որոշեցի սափրվել, ավագ դստերս ծննդյան օրվա հետ համընկավ։ 2018 թվականին, երբ ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, հենց առաջին վայրկյանից կամ հենց դրանից մի քիչ էլ առաջ տեղեկատվական հոսքեր սկսեցին գալ։ Այդ տեղեկատվական հոսքերը բերում էին ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Հարցերի շատ մեծ խումբ կար, որոնց պատասխանը ես չունեի, եւ ակնհայտ էր ինձ համար, որ շատ դժվարություններ եմ ունենալու այդ հարցերի պատասխանները ինքս ինձ տալու համար։ Իսկ 2020 թվականի պատերազմից հետո անցել է 4 տարի, ես չգիտեմ դա ինչքանով է լավ կամ վատ, ես պատերազմի մեկնարկից եւ ավարտից հետո՝ չորս տարի, ամեն օր քնել եւ արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով։ Հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ, եւ եթե ես ինձ ուզում եմ հոգեբանական եւ ենթագիտակցական վերլուծության ենթարկել, թե ես ինչու այդ որոշումը կայացրի, ինձ համար պատասխանը հստակ է եւ միանշանակ. այդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլեւս չունեի, եւ այդ որոշումը կայացնելու պահին իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ»։
- «Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից»։