ԻՆՉՈՒ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրակոցների գործով անցնում է Արարատի մարզի դատախազի տեղեկալ Ռեմ Ռշտունին:

Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից. Shamshyan.com-ը սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ եւ Բեյրութ փողոցների խաչմերուկում վարորդների միջեւ միմյանց չզիջելու համար առաջացել էր վիճաբանություն, որի ընթացքում Toyota Camry-ի վարորդ, Երեւանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից եւ շարունակել վիճաբանել Mercedes G 55-ի վարորդ, Երեւանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի եւ վերջինիս ուղեւոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ. Ասրյանի հետ։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Եվ ահա, այս դեպքից 2 ամիս անց գործով ուշագրավ իրավիճակ է:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել նամակ, որտեղ գործով անցնող անձանցից մեկը՝ Վ. Մադաթյանը հայտնել է. «Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում հանցավոր անձանց խումբը, ինչպես հետո պարզվել է դատախազ Ռ. Ռշտունու մասնակցությամբ փորձել է ինձ իրենց ավտոմեքենայով առեւանգել, ապա նաեւ ենթարկվել եմ ծեծի եւ ստացել եմ մարմնական վնասվածքներ։

Ինձ առեւանգելը եւ ծեծելը կանխել է եղբորս որդին՝ Ռուբեն Մադաթյանը, ով, այդ մասին իմանալով, շտապ հասել է դեպքի վայր, որից հետո հանցագործները դիմել են փախուստի։

Այդ դեպքից շուրջ 15-20 րոպե անց նշված միջադեպի մասնակից նույն անձինք ավելի մեծ խմբով իմ բնակության վայրում դարանակալել են ինձ եւ վրեժի շարժառիթով հրազենից մի քանի անգամ կրակել են անմիջականորեն իմ ուղղությամբ՝ ցանկանալով ինձ կյանքից զրկել։ Ողջ եմ մնացել միայն այն պատճառով, որ կրակոցներից երկուսի դեպքում զենքը խափանվել է (ասեչկա) եւ միայն կրակոցներից երկուսն են դիպել են ինձ, ազդրիս շրջանում ստացել եմ հրազենային միջանցիկ եւ մեկ կույր վիրավորում։ Դրանից հետո վիրահատվել եմ եւ բուժում եմ ստացել «Նաիրի» ԲԿ-ում։

Պարզել եմ, որ իմ վրա կրակած ոմն Ռեմը հանդիսանում է Ռեմ Ռշտունի անունով դատախազության աշխատակիցը. Արարատի մարզի դատախազի տեղակալն է։

Համոզմունք ունեմ, որ քննչական մարմինը հակված է գործի օբյեկտիվ քննություն կատարել, սակայն վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ դատախազությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում գործի բացահայտման համար։

Նշված զարգացումները ինձ հասկանալի են, քանի որ իմ վրա կրակած անձը դատախազության աշխատակից է։ Քրեական գործի նկատմամբ տեւական ժամանակ հսկողություն է իրականացրել Երեւան քաղաքի դատախազությունը: Երեւան քաղաքի դատախազ Ռ. Մանուկյանը հանդիսանում է Ռեմ Ռշտունու մտերիմ ընկերը, վերջիններս նաեւ տեւական ժամանակ միասին աշխատել են Արարատի մարզի դատախազությունում: Ստացվում է, որ դատախազը հսկողություն է իրականացրել ընկերոջ գործի նկատմամբ։

Դրանով պայմանավորած՝ իմ վրա հրազենով կրակած անձն ազատության մեջ է, նրա նկատմամբ որեւէ մեղադրանք եւ խափանման միջոց չկա, դեպքի բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ տաք հետքերով քննություն չկատարելը կասկածի տակ է դրել դեպքի բացահայտումն առհասարակ։

Հանձնարարել պարզելու՝ ինչու պատշաճ ընթացք չի տրվել իմ նախկին դիմումներին, ինչու է մինչեւ օրս դատախազի կողմից սպանության փորձ կատարելու գործը քննվում այդ սպանության փորձը կատարող անձի ընկերների դատախազական հսկողության պայմաններում»։

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացու բողոքի հիման վրա դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղի ի պատասխան՝ վստահեցրին. «Քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00:22-ին, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում՝ Երեւանի քաղաքապետարանի մոտ, լսվել են կրակոցի նմանվող ձայներ, որից հետո նկատել են մի քանի ավտոմեքենաներ, որից մեկի վարորդը վազելով դիմել է փախուստի: Քաղաքացիներից մեկի գլխին եղել են արյան հետքեր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ դատախազ Ռեմ Ռշտունին ստացել է բաց գանգուղեղային վնասվածք, ձախից քունքոսկրի բազմաբեկոր ներհրված կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ եւ սուբարախնոիդալ արյունազեղումների ձեւով: Ռեմ Ռշտունին ճանաչվել է տուժող, իսկ 5 անձանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 12-րդ կետերով:

Քաղաքացու բողոքին ի պատասխան՝ դատախազությունը իրավիճակի հակառակ պատկերն է ներկայացնում, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի գործի ընթացքին:




Լրահոս