Արդեն մի քանի օր է, ինչ ավարտվել է բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որի ժամանակ հայ մարզիկները մրցույթն ավարտել էին 3 ոսկե, 3 արծաթե եւ 8 բրոնզե մեդալով: ArmLur.am-տեղեկացավ, որ Հայաստանում 2 օր՝ նոյեմբերի 20-ից-21-ը, հնչել է Թուրքիայի օրհներգը, իսկ Հայաստանի օրհներգը այս օրերի ընթացում հնչել է 1 անգամ: Այսինքն՝ հայրենի իշխանությունների պնդաճակատության պատճառով, որ մրցույթին չներգրավեցին պրոֆեսիոնալ մարզիկների, թուրքական կողմին հաջողվեց ՀՀ-ում հնչեցնել իրենց օրհներգը: Իսկ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ինչպես միշտ, իր տեղում չէ, իսկ իր ոլորտում միշտ բարձիթողի վիճակ է:
Հիմա խոսենք, փաստերով: Եվ այսպես.
Ազատ ոճի ըմբշամարտում մի շարք քաշային կարգերում մեր առաջին համարները փոխարինվել են ավելի պակաս փորձառու մարզիկներով՝ ինչը, ի վերջո, անդրադարձել է թիմային ընդհանուր արդյունքի վրա:
գ 57 կգ քաշային կարգ
Մանվել Խնձրցյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Արման Հարությունյանը, ով միավոր չի բերել:
գ 61 կգ քաշային կարգ
Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն եւ աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, ում փոխարինել է Սարգիս Բեգոյանը, ով առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ:
գ 65 կգ քաշային կարգ
Վազգեն Թեւանյանը՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, փոխարինվել է Անդրանիկ Ավետիսյանով, ով առաջնությունում դարձավ աշխարհի չեմպիոն:
գ 70 կգ քաշային կարգ
Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի գործող չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մեդալակիր, փոխարինվել է Արտավազդ Հարությունյանով, ով պարտություն է կրել:
գ 92 կգ քաշային կարգ
Կնյազ Իբոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը Մուշեղ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ:
գ 97 կգ քաշային կարգ
Գուրգեն Սիմոնյանը չի մասնակցել, եւ այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունեցել:
Հունահռոմեական ըմբշամարտում եւս մի շարք քաշային կարգերում մեր առաջատարները դուրս չեն եկել մրցահարթակ՝ փոխարինվելով իրենց քաշային կարգին չհամապատասխանող մարզիկներով:
գ 77 կգ քաշային կարգ
Մալխաս Ամոյանը՝ Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Աշոտ Խաչատրյանը, ով սովորաբար հանդես է գալիս 72 կգ քաշային կարգում: Աշոտ Խաչատրյանը 3-րդ տեղն է զբաղեցրել:
գ 87 կգ քաշային կարգ
Գեւորգ Թադեւոսյանը՝ մինչեւ 23 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Կարեն Խաչատրյանը՝ 82 կգ քաշային կարգի ըմբիշ, ով այս առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:
գ 97 կգ քաշային կարգ
Վիգեն Նազարյանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն, չի մասնակցել, եւ այդ քաշային կարգում ներկայացուցիչ չենք ունեցել:
Ի դեպ, թուրքական լրատվամիջոցներում նշվում է, որ իրենց ազգային մարզիկները նվաճել են 8 մեդալ, որից 2-ը՝ ոսկե:
ArmLur.am-ը կապ հաստատեց մարզիչ Ավետիք Վարդանյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք այդքան քննադատություններից հետո հայ մարզիկները արդարացրել են սպասված արդյունքները, թե ոչ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մարզիկները իրենց հնարավորության սահմաններում արել են ամեն բան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-22-ը Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որի նախօրեին հայտնի էր դարձել, որ հայ ուժեղագույն ըմբիշները չեն մասնակցելու: Խոսքը ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշներ Մալխաս Ամոյանի, Արսեն Հարությունյանի, Վազգեն Թեւանյանի, Արման Անդրեասյանի, Մանվել Խնձրցյանի, Վիգեն Նազարյանի, Գեւորգ Թադեւոսյանի, Կնյազ Իբոյանի մասին էր: