ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեռահասների եւ երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային:
Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման եւ երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին եւ ընդգծել՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ԿԳՄՍՆ կարեւորագույն գործընկերներից է, որի հետ սերտ համագործակցություն է ընթանում տարբեր ուղղություններով:
Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցությունը նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելների տրամադրման ուղղությամբ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել՝ սա կնպաստի ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախների իրագործմանը:
Նախարարի տեղակալը նաեւ նշել է՝ շարունակվում է մինչեւ 2026 թվականը 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման ու վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ բոլոր այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչեւ 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարեւան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովան շեշտել է նախադպրոցական ոլորտում ներառական կրթության պատշաճ իրականացման, ինչպես նաեւ հոգեկան առողջությանը վերաբերող ծրագրերի ապահովման կարեւորությունը: Այս համատեքստում Իվելինա Բորիսովան ընդգծել է Հայաստանի դրական փորձն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցությունը մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
«ԻՄ ՄԱՀՎԱՆ ՕՐԸ ԿԻՋՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆ…». ՉԱՐԵՆՑ. ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Հայ մեծանուն պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը՝ Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն ու Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելլա Չարենցը, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից «վերացնում» են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ: Որոշ ժամանակ անց բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ. նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը փաստել է, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի պատճառները եղել են բազմաթիվ հիվանդությունները, բանտային բռնաճնշումները: