ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունը ազատ մնացած պաշտոնների համար ռեսուրս չունի եւ ստիպված մարդկանց է մի կառույցից մյուսը տեղափոխում։ Օրինակ՝ Դատախազությունից տեղափոխում է քննչական կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ պետեկամուտների կոմիտե եւ միգրացիոն ծառայությունից՝ ներքին գործերի նախարարություն։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվեց ՆԳ նախարարի տեղակալ։

Ով է Արմեն Ղազարյանը եւ ինչ ունեցվածք ունի: Նա 2018 թվականի հունիսից նշանակվել էր միգրացիոն ծառայության պետ, այնուհետեւ, երբ կառավարությունում կառուցվածքային բարեփոխումներից հետո միգրացիոն ծառայությունը միացվել էր նորաստեղծ ներքին գործերի նախարարությանը, Ղազարյանը 2023-ի հունվարից նշանակվել էր ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ։

Այսինքն՝ Ղազարյանը հենց հեղափոխական կադր է։ Ինչպես իշխանության մեծամասնությունը՝ նախկին լրագրող է. 2010 թ. – 2012 թ., 2016 թ.- 2017 թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես թղթակից։ Ապա աշխատել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում։ Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Արմեն Ղազարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի գրեթե 33 մլն դրամ արժողությամբ։ Մինչ այս Ղազարյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված Lexus մակնիշի մեքենա։

Ղազարյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի բանկային ավանդները կազմել են 7,5 մլն դրամ եւ գրեթե 3 հազար դոլար։ Նախորդ՝ 2022 թվականի համեմատ դրանք ավելացել են գրեթե 2 մլն դրամով։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 630 հազար դրամ։ 2023 թվականից մինչեւ նույն թվականի տարեվերջ դրանք ավելացել են 3 մլն դրամով։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,7 հազար եվրո եւ 1,2 հազար դոլար։

Կանխիկ դրամական միջոցների մեծ փոփոխություններ չեն արձանագրվել։

Արմեն Ղազարյանը, որպես ՆԳՆ միգրացիոն ծառայության պետ, հայտարարագրել է 16 մլն 44 հազար դրամ տարեկան եկամուտ։ Նորանշանակ տեղակալի հաշվետու տարվա եկամուտները 2022 թվականի համեմատ ավելացել են 3 մլն դրամով։

Հաշվետու տարվա եկամուտներից 14 մլն 307 հազարը աշխատանքի վարձատրություն է ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Եկամուտներից 1 մլն 600 հազարը եւ 13 հազար 500 դրամը  աշխատանքի վարձատրություն են համապատասխանաբար Հայաստանի Ամերիկյան համալսարանից եւ Երեւանի պետական համալսարանից։

 

 

 

 

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ՔՊ-ն մտադիր է Գյումրու սցենարը գործի դնել, համայնքապետի ընտրությունն ավագանիում տապալելու միջոցով՝ հասնել նոր ընտրություններ անցկացնելու: Այսպիսով՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել: Խոսքը նոյեմբերի 16-ին Երեւանի 17-րդ թաղամասում տեղի ունեցած սպանության մասին է, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել Երեւանի 42-ամյա բնակիչ Արթուր Մանուկյանը: Սպանության վայրում էր եղել եւ այս թեմային մասնակից էր նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Արյունոտ այս պատմությունից հետո ՔՊ-ական համայնքապետը հեռացավ պաշտոնից, եւ Փարաքարը ղեկավար չունի: Փարաքարի ավագանին այսօր՝ նոյեմբերի  29-ին, նիստ կանի, որպեսզի որոշեն՝ երբ են համայնքապետ ընտրում: Եթե 14 օրում ավագանին իր կազմից համայնքապետ չընտրի, ապա արտահերթ ընտրություններ պետք է լինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն մտադիր է ավագանու նիստին համայնքապետ չընտրել, որպեսզի նոր ընտրություններ լինեն: Փարաքարում իր թեկնածուին է առաջադրելու նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ իրենց ավագանու անդամները ՔՊ-ի թեկնածուին որեւէ դեպքում չեն ընտրելու, իսկ իրենց թեկնածուն խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է:

 

 

 

 

Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։ Մինչ ՀՀ Կառավարությունում կրքերը չեն հանդարտվում, ազատումներ եւ նշանակումներ են թափուր պաշտոններում, պաշտոնից ՍՄՍ-ով ազատված Գնել Սանոսյանը մեկնել է երկրից: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Գնել Սանոսյանը մեկնել է Աբու Դաբի՝ թերեւս քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Գնել Սանոսյանի հետ, սակայն Սանոսյանի փոխարեն լսվեց արաբ օպերատորի ձայնը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն, ու երեկ խայտառակ իրավիճակ է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ նախագահի թեկնածու են առաջադրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հորաքրոջ որդուն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանին։ Ընտրության առաջին փուլում ԲԴԽ 7 անդամներից ընդամենը 3-ն են կողմ քվեարկել Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում նա չի կարողացել առաջին փուլով ընտրվել ԲԴԽ նախագահ։ Ընտրության 2-րդ փուլ են իրականացրել դատավորները, որտեղ 4 անձ է քվեարկել իշխանության «սրտի թեկնածու» Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ։ Ստացվում է, ԲԴԽ անդամների մեջ ընդդիմացողներ կան քաղաքական իշխանության քմահաճույքների դեմ։ Նշենք, որ դատական օրենսգրքի 84 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ներկա պահին ԲԴԽ անդամները 7-ն են, ուստի դատելով իրավիճակից՝ Արթուր Աթաբեկյանին կողմ պետք է քվեարկեին ԲԴԽ 6 անդամները, սակայն պարզվում է՝ ԲԴԽ անդամների մեջ նրա թեկնածությանը դեմ են կամ սպասում են գործադիր իշխանությունից «համապատասխան SMS-ի», որ կողմ քվեարկեն ՔՊ-ի նախագահի թեկնածու Աթաբեկյանին։ Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով՝ տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որեւէ թեկնածու չի հավաքել բավարար քանակի ձայներ, եւ լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։

 

 

 




Լրահոս