Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Լեւոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար: Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ 3 տարի առաջ ԳՆԴԱՊԵՏ Լեւոն Դավիդյանը միացել էր ԶՈՒ պաշտոնյաների հայտարարությանը եւ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ ահա այսօր Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նոր պաշտոն է ստանում գնդապետ Լեւոն Դավիդյանը՝ նշանակվելով Հատուկ նշանակության ուժերի հրամանատար: 2021 թվականին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը։
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես եւ չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական եւ հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական եւ անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- ասված է ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ: