Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։
Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։
Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան։ Թոփ-5-ում են նաև Անգլիան ու Բրազիլիան։
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղերը կանցկացնի Ազգերի լիգայում։ B դիվիզիոնի ուղեգրի համար պայքարում մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը, որը 68-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Առաջին հանդիպումը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին Վրաստանում։