Սիրիայի Հալեպ քաղաքում չնայած այս պահին (Երևանի ժամանակով 13:30-ին) խաղաղ է, բայց, այնուամենայնիվ, հայկական համայնքում սպասողական ու անորոշ իրավիճակ է տիրում:
Yerkir.am-ի հետ զրույցում Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը ներկայացրեց քաղաքում տիրող իրավիճակը՝ հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո: Նրա խոսքով՝ երեկ մինչև կեսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաև իրենց բնակավայրում:
«Անապահով էինք մեզ զգում, արդեն ցերեկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ: Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակվել ենք տանը: Հակասական տեղեկություններ են տարածվում: Ճիշտ է, մենք ապահովված ենք սննդի պաշարով, բայց չգիտենք՝ ի՞նչ համաձայնություններ ձեռք կբերվեն, ի՞նչ կլինի մեր հետ»,- ասաց Զարմիկ Պողիկյանը:
Զրուցակիցը տեղեկացրեց՝ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարվել են:
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մեկ այլ խնդրի մասին ևս խոսեց. «Մենք տեղյակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղյակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշության մեջ ենք»:
Հավելենք, որ Սիրիայում տեղի ունեցած երկարատև պատերազմի ժամանակ ՀՀ գլխավոր հյուպատոսը չի լքել երբեք իր նստավայրը, հյուպատոսարանը երբեք չի դատարկվել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի տվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն երեկ ուշ երեկոյան հայտարարություն տարածեց ու տեղեկացրեց, որ վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակի կտրուկ սրման և ռազմական ակտիվ գործողությունների պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան:
Հիշեցնենք նաև, որ Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբն իր առաքելությունն իրականացնում էր 2019 թվականից սկսած: