Սիրիայի և Ռուսաստանի կողմից իրականցված ավիահարվածների հետևանքով հակակառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաքում առնվազն 25 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հակակառավարական ուժերի փրկարար ծառայությունը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է ջախջախել գրոհայիններին, որոնք գրավել են Հալեպ քաղաքը։
«Ահաբեկիչները միայն ուժի լեզուն են հասկանում, և հենց այդ լեզվով մենք նրանց կջախջախենք», – մեջբերել են Ասադի խոսքը սիրիական պետական լրատվամիջոցները։
Սիրիայի բանակը նաև հայտնել է, որ հետ է գրավել վերջին օրերին հակակառավարական ուժերի կողմից գրավված մի քանի քաղաք։
Իդլիբն ապստամբների վերահսկողության տակ գտնվող ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի սահմանին, և որտեղ շուրջ չորս միլիոն մարդ ապրում է վրաններում ու ժամանակավոր կացարաններում։ Քաղաքի բնակիչները հայտնել են, որ հարվածներ են հասցվել բնակելի թաղամասին։ Սիրիայի բանակը և նրա դաշնակից Ռուսաստանը հայտարարել են, որ թիրախավորել են հակակառավարական ուժերի թաքստոցները և քաղաքացիական անձանց չեն հարվածել։
Reuters-ը նշում է, որ ապստամբներն իրենցից ներկայացնում են կոալիցիա, որի կազմի մեջ են մտնում Թուրքիայի կողմից աջակցվող աշխարհիկ զինված խմբավորումները և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական խմբավորումը, որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ պետությունների կողմից:
Հակակառավարական ուժերը վերջին օրերին վերահսկողության տակ են առել ամբողջ Իդլիբի նահանգը, գրավել են Հալեպ քաղաքը՝ ստիպելով բանակին դուրս գալ այնտեղից։ Սիրիայի բանակը հայտնել է, որ Հալեպում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինվորներ են զոհվել։
Ռուսաստանի մի շարք ռազմական բլոգերներ դեկտեմբերի 1-ին հայտնել են, որ Մոսկվան աշխատանքից ազատել է գեներալ Սերգեյ Կիսելին, որը Սիրիայում գտնվող ռուսական ուժերի հրամանատարն է։
ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով «բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և պաշտպանել քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները՝ կանխելու հետագա տեղահանությունները և հումանիտար մատակարարումների խափանումը»։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը դեկտեմբերի 1-ին այցելել էր Դամասկոս, հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում «բարդ է», սակայն Ասադի կառավարությունը կգերիշխի։