Երևանի բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում այսուհետ հնարավոր է վճարում կատարել ՀՀ բանկերի կողմից թողարկված ֆիզիկական բանկային քարտերի միջոցով:
Այս մասին դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգի նորամուծություններին:
Նա շեշտեց՝ նման գործարքների պարագայում միջնորդավճար չի լինի: Միջնորդավճարները կվճարի ծրագիրն իրականացնող Telcell կազմակերպությունը:
«Եթե քաղաքացիները վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, հորդորում եմ՝ լրացուցիչ ճշտում կատարեն իրենց քարտի թողարկման պայմանների վերաբերյալ, որպեսզի վստահ լինեն, որ լրացուցիչ վճարների գանձման ենթակա չեն: Եթե այս ծրագրի գործարկումից հետո ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, քաղաքացիներին խնդրում ենք հայտնել դրանց մասին, որպեսզի դրանք արագ լուծում ստանան, ինչից հետո նման վճարման հնարավորություն կլինի նաև Երևանի մետրոպոլիտենում»,-տեղեկացրեց Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։