Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեղամ Նազարյանը իր հետագա գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։
Նա այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
««Հայաստան» խմբակցությունում տեղի է ունեցել համատեղ քննարկում, և քննարկման արդյունքում որոշվել է, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր։ Խմբակցության հետ հանդիպումից բացի, հանդիպել եմ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և մենք նույնպես եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից և մեկնաբանություններից խուսափելու համար ճիշտ կլինի, որ ես աշխատեմ որպես անկախ պատգամավոր»,- ասաց Նազարյանը։
Նա կոչով դիմել է հանրությանը և ակտիվիստներին՝ նշելով, որ իր խմբակցությունից դուրս գալը չի նշանակում, որ ինքը պատրաստվում է համագործակցել իշխանական ուժերի հետ։
«Ուղղակի որոշ հասարակական գործիչների, ֆեյսբուքյան ակտիվիստների մի խնդրանք ու կոչ ունեմ՝ չփորձեք խմբակցությունից դուրս գալը և անկախ պատգամավորի աշխատանքը ներկայացնել այնպես, որ Գեղամ Նազարյանը անցում է կատարում ՔՊ։ Ընդհակառակը, ես լինելու եմ ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- ընդգծեց նա։
Գեղամ Նազարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարց այս պահին օրակարգում չկա։ Այս հայտարարությունն առաջացրել է դժգոհություն նրա խմբակցության ներսում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը։ Ագնեսա Խամոյանի հայտարարությունից որոշ ժամանակ անց Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։