Չորս-հինգ օր է, ինչ Սիրիայում պատերազմը կրկին ակտիվ փուլ է մտել: Իսլամիստները, որոնք, մեծամասամբ, ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, գրավել են Հալեպի նահանգի մեծ մասը և առաջ են շարժվել դեպի մայրաքաղաք Դամասկոս: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մեկնել էր Մոսկվա՝ նոր աջակցության շուրջ բանակցելու նպատակով:
Նոյեմբերի 30-ի երեկոյան կրակոցներ էին լսվել Դամասկոսում գտնվող նախագահական նստավայրի մոտ, որից հետո Սիրիայի պետական հեռուստատեսությունը դադարեցրել էր հեռարձակումը և սկսել էին լուրեր տարածվել ռազմական հեղաշրջման մասին: Հարձակում էր տեղի ունեցել նաև Հալեպում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան վրա:
Կիրակի առավոտյան Համա քաղաքի մոտ իսլամիստների զորքերին հարվածներ է հասցրել Սիրիայի բանակը և սկսվել են իրական մարտեր, որին նախորդել էին ռուսական ռազմաօդային ուժերի զանգվածային հարվածները՝ Հալեպում և Իդլիբում տեղակայված թուրքամետ խմբավորումներին: Նախնական տեղեկությունների համաձայն հաջողվել էր Համայից հետ քշել ահաբեկիչներին, իսկ արդեն դեկտեմբերի 2-ի գիշերը ռուսական օդուժը ոչնչացրել է թուրքական բանակից իսլամիստներին փոխանցված վառելիքը, զենքն ու զինամթերը և խոցել Իդլիբից հարավ-արևելք գտնվող ևս մեկ ավտոշարասյուն: Սա սիրիական բանակին հնարավորություն է տալիս պատասխան հարձակում սկսել Համայի հյուսիսում:
Մարտական գործողություններին արդեն առերևույթ մասնակցություն ունի թուրքական կողմը՝ մարտի մեջ մտցնելով թուրքական Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ-ները, որոնք աջակցություն են ցուցաբերում Հալեպում և Թել Ռիֆաթի ուղղությամբ գործող ահաբեկչական խմբավորումներին: Թուրքական ներկայությունը ապացուցող փաստերն այնքան շատ են, որ նույնիսկ անիմաստ է հերքել: Հալեպի բերդի վրա ծածանվող Թուրքիայի դրոշներից՝ մինչև հագուկապ, զինամթերք և աշխատավարձ «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորմանը, Թուրքիայի պետական դրոշ և Էրդողանի նկար՝ «Ֆաջ ալ Հյուրիյա» խմբավորման շտաբում:
Առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ իրաքյան դիմադրության 20 հազար մարտիկներ ժամանել են Սիրիա՝ բանակին աջակցելու նպատակով: Reuters լրատվական գործակալության տվյալներով, բանակին աջակցելու համար Սիրիայում են նաև իրանամետ զինված խմբավորումներ:
Մարտական գործողութոյւններին զուգահեռ Սիրիայի իշխանությունը փորձում է հակամարտության լուծում գտնել: Դեկտեմբերի 1-ին, Դամասկոսում հանդիպում է տեղի ունեցել Սիրիայի նախագահի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև, որից հետո Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Անկարա: Արաղչին հանդիպման ընթացքում նշել է, որ Սիրիայի հարցում Իրանի դիրքորոշումն անփոփոխ է:
Պետք է նկատել, որ տարածաշրջան Իրանի արտգործնախարարի այցը մեծ նշանակություն ունի: Իրանը բացահայտ մտնում է հակամարտության կարգավորման գործընթացի մեջ և սկսում է որոշիչ դերակատարում ունենալ:
Վերջին չորս օրերին ակտիվ քարոզչություն է ընթանում նաև թուրքական մամուլում: Հեռուստաեթերում հստակ ցուցադրվում է Օսմանյան կայսրության 1899 թվականի քարտեզը, որում Հալեպի նահանգը հին օսմանյան Հալեպի վիլայեթն է: Թուրքիայի ապագայի քարտեզն այսօր տարածվում է ո՛չ միայն թուրքական մամուլում, այլև թուրք գործիչների անձնական էջերում: Այդ հրապարակումները հիշեցնում են Քեմալ Աթաթուրքի «Ազգային ուխտը», որի համաձայն Հալեպը պիտի դառնա Թուրքիայի 82-րդ նահանգը: Վերոնշյալ քարտեզներում, ընդ որում, Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ մտնում է Թուրքիայի տարածքի մեջ՝ Արցախը թողնելով Ադրբեջանին:
Դեկտեմբերի 1-ին Հալեպի նահանգին հարվածներ էին հասցվել նաև իսրայելի կողմից:
Թե ինչ կապ ունի սեպտեմբերի 17-ից սկսված և ավելի քան երկու ամիս տևած Իսրայել – «Հըզբալլահ» պատերազմը Սիրայում Թուրքիայի վաղեմի ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի հետ, վաղ է ասել: Սակայն ակնհայտ է, որ պրոթուրքական ուժերն իրենց գործողությունները սկսել են այն բանից հետո, երբ «Հըզբալլահ»-ի զորքերը հետ են քաշվել Սիրիայի հետ սահմանից: Եւ այս շղթան կարելի է երկարացնել մինչև Իրանի նախագահ Ռոհանիի «մահը» Ադրբեջանում: Թե ինչ շղթայական կապ կա Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների միջև, դեռևս հայտնի չէ, սակայն այն, որ բոլոր գործընթացներն այս կամ այն կերպ ազդում են միմյանց վրա, փաստ է:
Իսկ ի՞նչ է կատարվում Հալեպում
Ահաբեկիչները հայտնել էին, որ քաղաք մտնելիս քրիստոնյաներին, հայերին և, առհասարակ, խաղաղ բնակչությանը ձեռք չեն տալու և միասին Սուրբ Ծնունդ են նշելու: Սակայն հայտարարություններից 24 ժամ էլ չանցած հայտնի դարձավ հայ բժշկի մահվան մասին, ով դիպուկահարի կրակոցից ստացած վնասվածքից հետո հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Քիչ թվով հայերի հաջողվել է դուրս գալ Հալեպից և անցնել Դամասկոս, սակայն հայերի մեծ մասն այս պահին Հալեպում է:
Առաջնորդարանը զգուշացրել է հնարավորության դեպքում դուրս չգալ տնից՝ խուսափելով քաղաքում շրջող զինյալների հետ առերեսվելուց:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելություն իրականացնող մասնագիտական խմբին, ապա խումբը նոյեմբերի 29-ին ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը և անվտանգ դուրս բերվել Հալեպից:
Միաժամանակ Հալեպից Դամասկոս է մեկնել ՀՀ գլխավոր հյուպատոսը՝ այդ մասին առանց տեղեկացնելու համայնքին: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հյուպատոսը աշխատանքային այցով մեկնել է Դամասկոսում գտնվող ՀՀ դեսպանություն և չի կարողացել վերադառնալ:
Հալեպում իջեցվել է նաև նախագահի եղբոր՝ ռազմական օդաչու Բասսել Ասադի արձանը, ով 1994 թվականին ավտովթարի զոհ էր դարձել:
Այս իրավիճակում Սիրիայի քաղաքական ղեկավարությունը պետք է անի ամեն բան՝ միջազգային օժանդակությունը մեծացնելու և երկրում պետության գերակայությունը վերականգնելու և պաշտպանելու համար: Առաջիկա օրերը որոշիչ են ո՛չ միայն Սիրիայի համար, այլև տարածաշրջանի, տարածաշրջանում թուրքական ազդեցության և Թուրքիա պետության փաստացի հաստատման տեսանկյունից, ինչը կարող է ամբողջությամբ փոխել պատկերը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում և ճակատագրական լինել բոլորիս համար:
Հուրի Բաղդասարյան