Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կբախիձեն նոր կառավարության առաջին նիստում։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
«Մեր հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Մեր նախընտրական ծրագրի համաձայն՝ մինչև 2028 թվականը մենք պետք է կատարեինք ասոցացման օրակարգով և ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը, և այդ խոստումը հստակորեն կիրականանա», – ասել է նա։
Կոբախիձեն նաև հույս է հայտնել, որ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները կվերագործարկվեն։
«Նաև շատ մեծ հույսեր ունենք, որ հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության հետ որակապես կթարմանան։ Հունվարի 20-ին կլինի Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, հետևաբար, ԱՄՆ-ն և Եվրամիությունը կունենան նոր առաջնորդ, և այս ղեկավարության պայմաններում մենք կարծում ենք, որ հարաբերությունները կարող են վերանայվել և կարծում ենք, որ պետք է ամեն ինչ անենք առողջ հարաբերություններ հաստատելու համար», – նշել է նա։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բախվել են լուրջ խնդիրների, որը Վրաստանի մեղքով չի եղել։
«Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում։ Եղել է լուրջ, կոպիտ շանտաժ։ Շանտաժի դիմաց սա է մեր վերաբերմունքը, և այս կեցվածքով մենք պետք է անպայման շարունակենք մեր ճանապարհն այն ուղղությամբ, որը կոչվում է Վրաստանի լիարժեք ինտեգրում Եվրամիությանը», – հավելել է նա։
Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Կոբախիձեն նաև պատրաստակամություն է հայտնել քննարկումներ անցկացնել վերջին օրերին երկրում կազմակերպվող բողոքի ակցիաների մասնակիցների հետ։ Նա նշել է, որ Թբիլիսիում բողոքի ակցիան կազմակերպվել է «հատուկ նախանշված ծրագրով», որում ներգրավվել է օտարերկրյա ֆինանսավորում։
Վրաստանում գիշերը հերթական ցույցն է անցկացվել երկրի կառավարության որոշման դեմ, համաձայն որի մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։
Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ վերջին օրերին ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և հրկիզելու միջոցով գույք վնասելու մեղադրանքով երեք մարդ է ձերբակալվել։ Բացի այդ, ըստ գերատեսչության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 224 մարդ։