2013-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ շախմատային լեզվով ասած` «թագուհուն»` Տիգրան Սարգսյանին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի` իր իշխանությունը պահելու համար:
Արամ Հարությունյանի կանխատեսումը իրականացավ, իսկ թե ո՞վ է փոխարինելու Տիգրան Սարգսյանին, փորձեց պարզել armlur.am-ը Արամ Հարությունյանից:
-Պրն Հարությունյան, սպասելի՞ էր վարչապետի հրաժարականը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Եթե ուշադիր եղաք, ապա դա եղավ մինչ ապրիլի 28-ը, երբ չորս ուժերը պետք է կառավարությանն անվստահություն հայտնեին, բացի այդ` լինելու էին հանրահավաքներ, իսկ Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր լինելու: Իշխանությունը վախենում է ավելի շատ ժողովրդից, քան քաղաքական ուժերից: Վարչապետի հրաժարականը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը գնում է զիջումների:
-Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը, ում եք տեսնում այդ պաշտոնում:
-Եթե ՀՀԿ շտաբում է որոշվելու, ապա համոզված եմ`նոր բրոնե ժիլետ է նշանակվելու: Ընդդիմությունը չպետք է իր գործողությունները սրանով ավարտված համարի: Խնդիրն այն է, որ համակագային փոփոխություն է պետք և կարևոր է որոշման ընդունման կարգը: Վարչապետի թեկնածուն չպետք է նշանակվի ՀՀԿ շտաբում: Տիգրան Սարգսյանից էլ ինչպես Հարություն Առաքելյանն էր ասել, ստորագրություն պետք է վերցվի քաղաքից չբացակայելու առումով: Տիգրան Սարգսյանն ամեն ինչի համար պետք է պատասխան տա:
-Վարչապետի հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում, որոնցից հավանական են համարում Ռոբերտ Քոչարյանին (թեև նրա մամլո խոսնակը հերքել է այդ տեղեկությունները) ու Հովիկ Աբրահամյանին: Նրանցից ո՞րի նշանակումն եք հավանական համարում:
-Ամեն ինչ հնարավոր է, բայց կարևոր է` որոշումն ինչպես կընդունվի: Քաղաքական մեծամասնություն գոյություն չունի, քանի որ երեք օր առաջ կրծքով պաշտպանում էին վարչապետին, իսկ պարզվում է` նա մեկ ամիս առաջ դիմում է գրել: Դա աբսուրդ է: Այսինքն` որոշում է ընդամենը մեկ մարդ`Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ձեր նշած մարդկանց, ապա ես չեմ ուզում որևէ մեկի քարոզով կամ հակաքարոզով զբաղվել: Քոչարյանը իր թերություններով հանդերձ ցույց է տվել, որ նա կարող է աշխատել: Հիմա եթե որևէ մեկը նշանակվի վարչապետ, պետք է բացատրություն տրվի` ինչու նա, որովհետև, երբ այն ժամանակ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ոչ ոք չհասկացավ` ինչու նա պետք է դառնա վարչապետ:
Եթե անգամ Քոչարյանը լինի վարչապետ, ապա կարևոր է հասկանալ` Քոչարյանի հենարանը ով է լինելու` Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ը, թե ժողովուրդը:Քոչարյանը որևէ մեկին պարտք չպետք է մնա և չպետք է նշանակվի Սերժ Սարգսյանի կամքով: Նա պետք է ազատ լինի որոշումներ կայացնելիս:
-Կա մեկ այլ տեսակետ` չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կառավարություն կազմի ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հետ:
-Ընդունելի չի լինի, եթե չորս ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին նախարարի պաշտոնում նշանակի, մեկին էլ վարչապետ: Նոր կառավարությունը պիտի իր թիկունքում զգա ժողովրդին: Նոր վարչապետը չպետք է լինի Սերժ Սարգսյանի համար ժամանակ ձգելու միջոց և նոր թիրախ` իրենից հարվածները հեռացնելու համար:
–Որքանո՞վ է հավանական Սերժ Սարգսյանի հրաժարականը, որն արդեն պարտադրված կլինի Մոսկվայի կողմից:
-Եվ Մոսկվայի և Արևմուտքի համար մայդանի դեպքերով պարզ դարձավ, որ չի կարելի հենվել թույլ իշխանության վրա: ՌԴ-ի համար ձեռնտու չէ թույլ իշխանությունը, քանի որ նա, ինչ ուզում են տալիս է, իսկ եթե մի քիչ լավ ուզող լինի, կարող է այս իշխանությունը ուրիշին տալ: Որքան էլ մեր ժողովուրդը լինի համերատար ու իմաստուն, մազոխիստ չէ, որ հանդուրժի այս իշխանություններին:
Սոնա Դավթյան