Կրեմլում արձագանքել են ԲՐԻԿՍ-ում այլընտրաքային արժույթ օգտագործելու հետ կապված Թրամփի սպառնալիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնի փորձերը՝ ստիպելու այլ երկրներին օգտագործել դոլարը, կարող են այդ երկրներին մղել անցնել ազգային արժույթով վճարումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 30-ին հայտարարել էր, որ 100% մաքսատուրքեր կսահմանի ԲՐԻԿՍ-ի երկրների նկատմամբ, եթե նրանք չհրաժարվեն այլընտրանքային արժույթ ստեղծելու ծրագրերից։

«Եթե Միացյալ Նահանգները, ինչպես իրենք են ասում, տնտեսական ուժի կիրառմամբ կամ այլ ազդեցությամբ ստիպի երկրներին օգտագործել դոլարը, ապա դա, հավանաբար, ավելի կամրապնդի ազգային արժույթներին անցնելու այս միտումները», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ խոսքը միայն ԲՐԻԿՍ-ի մասին չէ. գնալով ավելի շատ պետություններ են սկսում անցնել ազգային արժույթներին։

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի՝ դոլարը կորցնում է իր գրավչությունն այս երկրների համար՝ որպես պահուստային արժույթ։

«Սա դոլարի գրավչության քայքայման գործընթաց է, այն իսկապես շարունակվում է և թափ հավաքում», – եզրափակել է Պեսկովը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրատապ խնդիր էր անվանել ԲՐԻԿՍ-ի երկրների խրախուսումն՝ օգտագործելու իրենց ազգային արժույթները առևտրի և ներդրումների համար: Բայց, ըստ Պուտինի, դեռ վաղ է խոսել միավորման միասնական արժույթ ստեղծելու մասին։

 




Լրահոս