Սենատի արտաքին գործերի հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարք Քըրքը բանաձև են ներկայացրել ԱՄՆ-ի կոնգրես, որում ԱՄՆ նախագահին կոչ է արվում պայքարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), բանաձևին արդեն միացել են սենատորներ Բարբարա Բոքսերն ու Էդ Մարկին: «ANCA-ն երախտապարտ է սենատորներ Մենենդեսին ու Քըրքին, որոնք կոչ են անում Ամերիկային օգնել արդար ու կառուցողական հայ-թուրքական հարաբերություններ հաստատել, հիմնված մինչ օրս անպատիժ մնացած այս ոճրագործության ճանաչման վրա Թուրքիայի կողմից:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մենք հուսով ենք, որ կստանանք Սենատում մեր բարեկամների աջակցությունն ապագայում ցեղասպանությունների կանխումն ապահովելու համար անհրաժեշտ այդ կարևոր միջոցի ընդունման հարցում», -ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ռոբերտ Մենենդեսն իր հայտարարության մեջ ասել է, որ Հայոց ցեղասպանությունը սարսափելի իրողություն է, որը պետք է ճանաչում ստանա:
«Սույն բանաձևը վճռականորեն հաստատում է, որ մենք միշտ հիշելու ենք այդ ողբերգությունը և հարգելու ենք անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների հիշատակը, որոնք սպանվեցին և վտարվեցին իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի՝ կանխելու համար նման ոճրագործությունների կրկնությունն ապագայում»,- ասել է սենատորը:
Սենատոր Քըրքն իր հերթին հիշեցրել է, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ:
«Ցեղասպանությունը վերապրած հաշված մարդիկ են մնացել, այդ թվում՝ 107-ամյա Հելեն Փալոյանը Չիկագոյից, որն այդ տարիներին կորցրել է ծնողներին ու երկու եղբայրներին: Ի հիշատակ զոհվածների և վերապրածների՝ ԱՄՆ-ն ու մեր դաշնակիցները ՆԱՏՕ-ում Եվրամիության հետ միասին պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը», -ասել է սենատոր Քըրքը: