Ֆրանսիայի խորհրդարանի ձախակողմյան ընդդիմությունը որոշել է անվստահություն հայտնել վարչապետ Միշել Բարնիեին՝ պատգամավորներին շրջանցելով սոցիալական ապահովագրության բյուջեի մասին որոշումն ընդունելու պատճառով:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն, որի ելույթը հեռարձակվել է BFMTV-ով:
«Սա ամենադաժան սոցիալական ապահովության բյուջեն է Ֆրանսիայի պատմության մեջ, մենք անհապաղ անվստահություն ենք հայտնում»,- ասել է պատգամավորը:
Իր հերթին «Ազգային հանրահավաք» կուսակցությունը հայտարարել է, որ կաջակցի նաև Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելուն:
Հարցի քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի։
Ավելի վաղ՝ Բարնիեն ելույթ է ունեցել խորհրդարանի նիստում, որտեղ քննարկվել է 2025 թվականի սոցիալական ապահովագրության բյուջեի մասին օրինագծի տեքստը։ Վարչապետը հայտարարել է, որ կիրառում է երկրի Սահմանադրության 49.3-րդ հոդվածը, որը թույլ է տալիս փաստաթուղթն ընդունել՝ շրջանցելով պատգամավորներին։