Քրեական վարույթ է նախաձեռնվել Տավուշում 18 կանգուն ծառ հատելու փաստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում նոյեմբերի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Նավուրի անտառպետության» տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու պահին հայտնաբերել և բաժին են ներկայացրել Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա և 28-ամյա երկու տղամարդու:

«Նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և նշված տարածքում մատնանշել ապօրինի հատված 18 թաց կանգուն ծառերի կոճղեր: Հայտնել են նաև, որ ապօրինի ծառահատումը կատարել են նոյեմբերի 25-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փայտանյութի մի մասն արդեն տեղափոխել են 50-ամյա տղամարդու առանձնատան տարածք: Նշված տարածքում հայտնաբերվել է նաև «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա՝ բենզասղոցը սրահում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս