Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի առեղծվածային մահվան դեպքից անցել է 6 ամիս եւ ArmLur.am-ը դիմեց քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է պարզվել դեպքով։
Ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։
Ասել է, թե դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, որպեսզի պարզվի, ինչ հանգամանքներում է կոմպոզիտորի մահը վրա հասել։
ArmLur.am-ը զրուցեց վերջինիս մայրիկի՝ Ռուզաննա Մնացականյանի հետ՝ հասկանալու համար, թե ի վերջո իրենք պարզեցին, թե ինչ կատարվեց։
Ի պատասխան՝ կոմպոզիտորի մայրը հայտնեց․
«Առեղծված չէ, աղջիկս կոմպոզիտոր էր, անվախ էր, կյանքը տեսնում էր իր բոլոր գույներով։ Հրաշք արև անձնավորություն, ով շատ սիրում էր բնությունը, ընկերներին, կենդանական աշխարհը, բոլոր ազգերի խոհանոցը։ Ասում էր ժամանակ ունենանք, միասին ճանապարհորդենք ծանոթանանք բոլոր ազգային ճաշատեսակներին և երաժշտական գործիքներին։ Ուսումնասիրում էր, շատ յուրահատուկ ձևով տիրապետում էր տարբեր ազգերի գործիքների հնչյուններին։ Վերջինս օգտագործում էր իր ստեղծագործություններում` ներկայացումների, կինոների …Անցյալ տարի Պետերբուրգում` Շեքսպիրյան (Midsummer night’s dream) ներկայացման կոմպոզիտորն էր։ Ռեժիսորը` Կարո Բալյան։ Մեծ հաջողության արժանացավ ներկայացումը։ Նոր ներկայացման երաժշտություն ստեղծագործելու առաջարկ ուներ, Ղազախստանում պետք է բեմադրվեր։ Ուսումնասիրում էր Ղազախական գործիքները, որ կիրառեր։ Խաղային ոլորտում ձայնային հնչյուններ էր ստեղծում։ Մասնակցել էր մրցույթի, որտեղ հաղթել էր, հղումը կուղարկեմ։ Այդ արդյունքի հիման վրա հրավիրել էին Նորվեգիա, աշխատելու sound designer. Մշակ էր, սահմանամերձ գյուղերում ամեն շաբաթ կիրակի գնում էր կրթելու երեխաներին բարեգործական հիմունքներով։ Քնար ջան անվերջ կարող եմ գրել, մինչև երեկո, չեմ վերջացնի։ Ուզում եմ ասել շատ գործ ուներ, ժամանակ չուներ։ Ասեց մի գնանք իրար հետ մի տեղ հանգստանանք գանք, որ նորից գործերիս անցնեմ։ Հետո ասեց չէ ժամանակ չկա այզ 2 օրն է։ Շատ էր ուզում լողար ասեցի չմտնես հանկարծ մամուռ է, տե’ս։ Նայեց իր սիրուն աչքերով, ասեց լավ էլ մաքուր է։ Պարզապես ռիսկերը չհաշվեց, աստղերն է վայելել, ու չի էլ պատկերացրել, որ Սևանը մարդակեր է։ Շատ անվախ էր իմ գանձը»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել կոմպոզիտորի մայրը և հայտնել էր, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող հանգստյան գոտի, ինչից որոշ ժամանակ անց, ինքը տեղեկություններ չի ունեցել աղջկանից, և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:
Արդյունքում հունիսի 3-ին հայտնաբերեցին կոմպոզիտորի դին ու մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան