COP17-ը Հայաստանում հյուրընկալելը մեզ համար շրջադարձային և կարևորագույն իրադարձություն է. ՇՄ նախարարը՝ Նիելս Աննենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարի խորհրդարանական պետական քարտուղար Նիելս Աննենի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը զրույցը սկսել է հայ-գերմանական հարաբերություններին անդրադարձով և նշել, որ երկու պետությունների միջև առկա են արդյունավետ և բարձր մակարդակի համագործակցային և լայն օրակարգերով հարաբերություններ ոչ միայն բնապահպանության ոլորտում:

Ապա շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ը Հայաստանում անցկացնելու աշխատանքներում օժանդակության պատրաստակամության համար:

«COP17-ն Հայաստանում հյուրընկալելը մեզ համար շրջադարձային և կարևորագույն իրադարձություն է և մեր ցանկությունն է այն ինչպես հարկն է կազմակերպել: Ուստի կարևորել եմ գերմանական կողմի հետ փորձի փոխանակումը համաժողովին տարբեր ազգերի մասնակցությունը, երիտասարդների և կանանց պատշաճ ներգրավվածությունն ապահովելու հարցում»,- նշել է Հակոբ Սիմիդյանը:

Իր հերթին պարոն Աննենը շնորհավորել է Հայաստանին համաժողովն հյուրընկալելու առթիվ և վերահաստատել Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատրաստակամությունն աջակցել Հայաստանի Հանրապետությանը` COP17-ի կազմակերպման և անցկացման հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանական ընթացիկ ծրագրերը` անդրադառնալով Գերմանիայի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։ Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ, որոնք COP17-ի օրակարգային առաջնահերթություններից են Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, անտառների պահպանություն և կայուն կառավարում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորացնել առկա համագործակցությունը:




Լրահոս