Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:

Ինչպես հայտնել են դատախազությունից, հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում)՝ Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արամ Արամյանի մասնագիտական և մարդկային հատկանիշներն ու ընդգծել իր ընտրության տրամաբանությունը՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ծառայած, Դատախազության համակարգում հարգանք վայելող և բարեվարք դատախազը ստանում է առաջխաղացման հնարավորություն: «Պարոն Արամյան, լիահույս եմ, որ կպահպանեք պարոն Պողոսյանի սահմանած նշաձողն ու 2025 թվականը կհայտարարենք հանրային շահի պաշտպանության տարի»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Արամ Արամյանի թեկնածության վերաբերյալ, կարևորել են թեկնածուի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել. «Պատասխանատվությունը մեծ է, կանեմ առավելագույնը՝ Դատախազության առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար»:

Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը՝ այստեղ:




Լրահոս