ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանից armlur.am լրատվականը փորձեց պարզել` արդյոք սպասելի էր վարչապետի հրաժարականը:
Արամ Սարգսյանը կարծում է, որ Տիգրան Սարգսյանն ու ՍԴ նախագահն ավելի խելոք կգտնվեն ` կուտակային այս օրենքի համար ճիշտ ուղի կընտրեն. «Կուտակային այս օրենքի հետ կապված` արդեն պարզ էր, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ոչ թե 5-րդ կուրսի ուսանողներին, այլ 5-րդ դասարանի աշակերտներին էր բացատրում` ոնց է պետք անել: Դրանից հետո չընդունել և չասել` ով պետք է պատժվի և շարունակել պնդել, բնականաբար նախագահն արդեն իր վրայից հարվածը փոխանցեց կառավարությանը»:
-Այսինքն` Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը քաղաքական «ժերտվա» տվե՞ց:
-Չէ, նա զոհ չէ: Եթե Տիգրան Սարգսյանը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել և ճիշտ ձևով արձագանքել, դա իր մեղավորությունն է: Ի վերջո, կենսաթոշակային նոր օրենքը պարտադրված օրենք էր, որի ներդրման համար ծախսվել էր 128 մլն դոլար: Թե դա դրամաշնորհ է, թե վարկ` պետք է պարզել: Սերժ Սարգսյանը հարվածի տակ էր և ինքը քայլ պետք է աներ, և արեց: Պետք է կառավարությունը հրաժարական տար այն ժամանակ, երբ նրանք արդեն պատրաստ էին ստորագրել Մաքսային միության պայմանագիրը: Այդ դեպքում միայն իրենց կասեին հաջողություն:
-Պրն Սարգսյան, ո՞ւմ կուզենայիք տեսնել վարչապետի պաշտոնում, հավանական թեկնածուներից ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում:
-Ես չէի ուզենա այս պահին անուններ տալ, բայց կասեի` ինչ վարչապետ եմ ուզում տեսնել: Եթե Սերժ Սարգսյանը գնար կոսմետիկ փոփոխությունների և ինչ-որ մեկին նշանակեր, դա ինձ չի հետաքրքրում, բայց եթե խոսքը համակարգային փոփոխությունների մասին է, այդպիսի վարչապետը պետք է կոտրի մենաշնորհային-օլիգարխիկ համակարգը` ունենալով նախագահի աջակցությունը, միջազգային կապեր ունենա, որ կարողանա դա իրականացնել: Վարչապետը պետք է փոխի նաև վարկային քաղաքականությունը: Երկիրը 4,5 կես միլիարդ պարտքի տակ է, բայց դրանից ոչ մի լումա չի գնացել մեր տնտեսությանը: Իսկ եթե լինելու է այնպես, ինչպես հիմա, ապա վարչապետը լինելու է այլ ֆիգուր:
-Որքանո՞վ եք հավանական համարում, որ նոր կառավարությունը կձևավորի չորս ուժերից:
-Շատ հնարավոր է, քանի որ նրանք բոլորն էլ իրար հետ աշխատել են: Այդ չորս ուժերի մեջ ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում: Իսկ եթե դա կարվի միայն լարվածությունը թուլացնելու համար, ապա դա հաջողություն չի բերելու, քանի որ իշխանությունը չի փոխելու քաղաքական այն կուրսը, որը տանում է հիմա: Այդ չորս ուժերից ոչ ոք շահագրգիռ չէ համակարգային փոփոխություններ անել, հետևաբար մեզ նման կառավարություն պետք չէ:
Սոնա Դավթյան