Երկար ժամանակ է ղեկավար չունեցող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը խափանումներով է գործում։ Ամիսներ առաջ համակարգն ընդհանրապես չէր գործում, իսկ այժմ հայտարարագրերի ռեեստր բաց և հասանելի աղբյուրները թույլ չեն տալիս մուտք գործել համակարգ և տեսնել 2011 թվականից մինչև 2021 թվականները ներկայացրած հայտարարագրերի տվյալները։
ArmLur.am-ը բացի խնդրին առնչվելուց, բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ որոշ Հասարակական կազմակերպությունների չի հաջողվում մուտք գործել համակարգ։
Խաթարվել է նաև լրագրողերի աշխատանքը, քանի որ հայտարարագրերում առկա տվյալների տարիների միջև համեմատություններ չի հաջողվում իրականացնել։ Ավելին, ստեղծված իրավիճակը կասկածներ է առաջացրել, թե իշխանությունը դիտավորությամբ է համակարգը փակել, որ ավելացված եկամուտների մասին տեղեկությունները շատերին հասանելի չլինեն։
ArmLur.am-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացրին, որ խափանումը տեխնիկական է։
«Քանի որ փոփոխված նոր համակարգը գործարկման փուլում է, մի փոքր տեխնիկական խնդիրներ կան։ Հավանաբար մոտ ժամանակներս խնդիրը կկարգավորվի»,- պաշտոնապես մեկնաբանեցին հանձնաժողովից։
Հարկ է նշել, որ 2025 թ-ի հունվարի 1-ից մեկնարկում է 2024 թվականի հայտարարագրերի ներկայացման նոր փուլը, որի շրջանակում ՀՀ Պետական եկամուտների կոմիտե հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։
Էմմա Միքայելյան