Մոսկվան և Մինսկը վերանայել են միջուկային զենքի կիրառման մոտեցումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսը և Ռուսաստանը վերանայել են միջուկային զենքի կիրառման իրենց մոտեցումները նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված զենքի առաջացման ֆոնին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը։

«Բելառուսի տարածքում (խմբ.` ռուսական) մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշումը փաստ է, հետևաբար, նոր փաստաթղթում իրավական տեսանկյունից սա ամրագրված միջոց է։ Մեր պետությունների փոխադարձ անվտանգության աստիճանը բարձրացվում է։ Միջուկային զենքի կիրառման մոտեցումները ճշգրտվել են», – ասել է նա:

Փոխնախարարը պարզաբանել է, որ Մոսկվան և Մինսկը հետևում են սպառազինությունների ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և զենքի կիրառմանը՝ հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա, և դա չէր կարող չազդել ճշգրտման վրա։

Նազարուկը հիշեցրել է, որ դեկտեմբերի 6-ին Մինսկում տեղի կունենա Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստը, որի ժամանակ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն Միութենական պետության անվտանգության հայեցակարգի նախագիծը և անվտանգության երաշխիքների մասին ռուս-բելառուսական համաձայնագիրը։

Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինի բովանդակությունը լիովին համաժամանակեցված է այդ փաստաթղթերի հետ։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է թարմացված միջուկային դոկտրինը՝ Միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքները։ Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։

 




Լրահոս