Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են գործողությունները գրոհայինների դեմ, որոնք անցյալ շաբաթ գրավել են Հալեպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիրիական պետական SANA լրատվական գործակալության թղթակիցը հաղորդել է, որ երկրի զինված ուժերը հարվածներ են հասցրել գրոհայիների թիրախներին Համայի մերձակայքում։
«Ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ և նրանց փոխադրամիջոցները», – հայտնել է SANA-ի թղթակիցը։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ սիրիական հակակառավարական ուժերը մոտեցել են Համա քաղաքին։ Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ գրոհայինները գրավել են քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրերը։ Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ տվյալ շրջան են ուղարկվել օժանդակ ուժեր։
Համայի վրա հարձակումն, ըստ Reuters-ի, կմեծացնի ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վրա. քաղաքը կառավարական ուժերի վերահսկողության տակ է մնացել 2011 թվականին երկրում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը կդիտարկի Սիրիա զորքեր ուղարկելու հարցը, եթե Դամասկոսը խնդրի, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել վերջ տալ Սիրիայում «ահաբեկչական ագրեսիային»։ Իրաքի վարչապետ Շիա ալ-Սուդանին իր հերթին հայտարարել է, որ Բաղդադը չի մնա «պարզապես հանդիսատեսի» դերում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող, քրդերի կողմից ղեկավարվող կոալիցիայի զինյալները Սիրիայի կառավարական ուժերի հետ մարտեր են մղել երկրի հյուսիս-արևելքում՝ նոր ճակատ բացելով մատակարարումների կենսական ուղու երկայնքով։