Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի մահվան պատճառը, ըստ նախնական եզրակացության, երիկամների խնդիրն է եղել, ասել է, թե նախաքննական մարմնում արդեն հստակություն կա, որ երեխայի մահը վրա է հասել առողջական խնդիրների պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի 28 մանկապարտեզի տնօրեն Հեղինե Հովհաննիսյանը, 4-ամյա երեխայի դաստիարակը, դայակը հարցաքննվել են:
Նախաքննական մարմինը քննչական գործողություներ է իրականացրել մանկապարտեզում:
Դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:
Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
Դեպքի փաստով «սպանութուն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։ ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, երեխան վերջին շրջանում վատառողջ է եղել, հրաժարվել է սննդից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան