«Դրան դուրս հանեք մեր շարքերից»․ այսպիսի պահանջ ներկայացրեց Ալեն Սիմոնյանը ԱԺ դահլիճը սպասարկող անձնակազմին:
Վաղ առավոտից ամենաքննարկվող թեման Հովիկ Աղազարյանի հայտարարությունն է ԱԺ ամբիոնից այն մասին, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից։ Այս հայտարարությունից հետո Աղազարյանը ԱԺ ամբիոնից փորձեց հետ վերադառնալ իր տեղը՝ ՔՊ-ականների շարքում՝ Զարուհի Բաթոյանի, Բաբկեն Թունյանի եւ մյուսների կողքին: Սա նկատելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց բարձրախոսով, որ Աղազարյանին իրենց խմբակցությունից տեղափոխեն այլ տեղ:
Բայց ArmLur.am-ի թղթակիցը ԱԺ օթյակում էր եւ նկատեց, որ դրանից հետո Ալեն Սիմոնյանը՝ ոչ բարձրախոսով պահանջեց դահլիճը սպասարկողներից՝ «դրան դուրս հանեք մեր շարքերից»: ԱԺ աշխատակիցները Աղազարյանին նստեցրել են պատգամավոր Իշխան Զաքարյանի կողքին, որի կողքին պետք է լիներ Գեղամ Նազարյանը, սակայն նա, իր հետ վերցնելով Արցախի դրոշը, ավելի ցածր շարք տեղափոխվեց այսօր։
Այսպիսով, չնայած Աղազարյանը հրապարակայնորեն ներողություն խնդրեց կուսակցական ընկերներից՝ պատճառված անհարմարությունների համար, այնուամենայնիվ, նրա նկատմամբ լարվածություն ակնհայտորեն կա: ՔՊ-ում պնդում են, որ Հովիկ Աղազարյանը կազմակերպել է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր, բայց մինչ այս պահը որեւէ քրեական վարութ նախաձեռնված չէ։
Ա․Ս․