Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը ելք է ստեղծված ճգնաժամից. ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդիական և շատ կարևոր է համարում:

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ կան գործառույթներ, որոնք անհնար է իրականացնել առանց քաղաքապետի: «Ընտրական պրոցեսները պետք է կազմակերպի համայնքի ղեկավարը կամ այն անձը, ով իրականացնելու է այդ պարտականությունները։ Բացի այդ, քաղաքը փաստացի մնացել է առանց կառավարման: Նույն այն հարցերի հետ կապված, որոնք բարձրաձայնում են մեր ընդդիմադիր գործընկերները… իսկ ո՞վ պետք է լուծեր քաղաքի առաջ ծառացած այդ հարցերը, եթե փաստացի չկա մարդ, ով պետք է այդ հարցերով զբաղվի: Հրատապ խնդիրներ կան, որոնք ժամ առաջ պետք է լուծում ստանան»,- նշեց Քնարիկ Հարությունյանը՝ անհիմն համարելով պնդումները, թե քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշում ՔՊ-ն կայացրել է՝ առաջիկա արտահերթ ընտրություններում լծակներ ունենալու համար։

Անդրադառնալով խոսակցություններին, թե Գյումրիի գործող ավագանին արդեն իրեն սպառել էր՝ Քնարիկ Հարությունյանը չհամաձայնեց դրանց հետ՝ նշելով, որ Գյումրիի ավագանին ամենաակտիվն էր և միշտ էլ շատ թեժ քննարկումներով ու բանավեճերով է անցել: «Եթե «Բալասանյան դաշինք»-ն անպատասխանատու կերպով չվարվեր, այս ավագանին դեռ շատ անելիքներ ուներ քաղաքի հետ կապված, ու չեմ կարծում, որ ավագանին իրեն սպառել էր:

Անշուշտ, կլինեն նոր ընտրություններ, ու տարբեր խմբակցություններ իրենց նախընտրական ցուցակը կներկայացնեն, որոնցում, հնարավոր է, լինեն փոփոխություններ»,- նշեց Քնարիկ Հարությունյանը:Դեկտեմբերի 4-ին մեկնարկել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուների քարոզչությունը: Նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին վարչապետը կնշանակի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Քարոզչությանը մասնակցում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:




Լրահոս