Նախկին դատախազի տնից մաքրուհիների հայտնաբերած 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գործով դատարանը վճիռ է կայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Նախկին դատախազի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերված 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գործով իրավապահները նոր որոշում են կայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին դատախազ Վլադիմիր Մնացականյանի չբնակեցված բնակարանից մաքրուհիների հայտնաբերած 12,5 կգ ոսկու ձուլակտորների ծագման և հայտնաբերման առիթով հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործն ուղարկվել է դատարան։
Ինչպես հայտնի է, 2022 թվականին Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը պատկանում էր սովետական տարիներին դատախազ աշխատած, վաղամեռիկ Վլադիմիր Մնացականյանին, հայտնաբերվել էր շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով, մոտ 655 հազար ԱՄՆ դոլար արժեքով ոսկի: Նախկին դատախազը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չէր բնակվել: Ավելի ուշ դիմել է մաքրուհիներին՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որի ընթացքում էլ հայտնաբերվել էր թանկարժեք մետաղը:
Թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազին է այն պատկանել, թե այլ անձի, դեռեւս պարզ չէ: Փաստ է մեկ բան՝ նախկին դատախազ Վ. Մնացականյանը մահացած է, իսկ նրա բնակարանից հայտնաբերվել են 12,5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ:
Սեպտեմբերի 9-ին դատարանը վճռեց, որ Աննա Արամայիսի Թադևոսյանին եւ Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Աննա Արամայիսի Թադևոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով։
Փորձաշրջանի ընթացքում Աննա Արամայիսի Թադևոսյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վրա՝ սահմանելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
Աննա Արամայիսի Թադևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով։
Փորձաշրջանի ընթացքում Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վրա՝ սահմանելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործով իրեղեն ապացույցներ ճանաչված՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան, Երկաթգծի 1-ին շենքի 4-րդ բնակարանից վերցված ընդհանուր 6860.88 գրամ քաշով և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան 203-րդ տանից վերցված ընդհանուր 5652.15 գրամ քաշով ոսկին վերադարձնել տուժող Լիա Վլադիմիրի Մնացականյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան